Ալեքսեյ Իվանովիչը արտասանեց.
— Վայրենի Ասիա։
Արշակը գոռաց.
— Ես այդ Հաբեթյանին կսպանեմ։ Ես կպաշտպանեմ Ալիմյանների պատիվը։
Քյազիմ-բեգը, թևից բռնելով, չթողեց նրան դուրս վազելու։
Միքայելը պահանջում էր, որ ընկերները գնան և հենց այս րոպեին Գրիշային մենամարտության կանչեն։
— Դու երբեք չես մենամարտիլ,— ասաց Սմբատը գրական եղանակով և, դառնալով հյուրերին խնդրեց հանգիստ թողնել Միքայելին։
Ամբողջ երեկոն Ալիմյան ընտանիքն անցկացրեց հուզված և գրգռված։ Այրին անընդհատ լալիս էր։
XVII
Առավոտը կանուխ Սմբատը մտավ եղբոր սենյակը։ Հակառակ սովորականին, Միքայելն արդեն զարթնել էր։ Գիշերն անց էր կացրել գրեթե անքուն։
— Ի՞նչ ես ուզում ինձանից,— գոչեց նա, եղբորը տեսնելով։
Սմբատը նայեց նրա բորբոքված աչքերին և հանդարտ նստեց աթոռի վրա:
— Ես եկել եմ մոտդ ոչ իբրև եղբայր, այլ իբրև ընկեր, բարեկամ,— ասաց նա,— աղաչում եմ, ասա. ի՛նչ է պատահել քո և Գրիգոր Հաբեթյանի մեջ։ Անկարելի է, որ պատճառը չնչին լինի...
— Դու ինձ օգնել չես կարող, ինչո՞ւ պատմեմ։
— Ուրեմն գործն այդքան բա՞րդ է։
— Թո՛ղ ինձ հանգիստ, աստված սիրես։
Սմբատը մի ծխախոտ վառեց և սկսեց ծխել, ինչ-որ խորհելով։
Միքայելն անց ու դարձ էր անում, ձեռները վարտիքի գրպանները դրած։