Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օգտվելով տրամադրությունից, Սմբատը չթողեց, որ տպավորությունը պաղի և դարձավ ներկա դեպքին։

Նա համաձայն էր, որ Գրիշայի ապտակը ծանր վիրավորանք է, բայց ինչո՞ւ համար է Միքայելն ուզում այդ մարդուն մենամարտության կանչել կամ ուրիշ կերպ պատժել։ Նրա համա՞ր, որ Գրիշան իրավունք է համարել զգալ նրա հասցրած անպատվությունը և ենթարկվել իր վայրենի ինստինկտին: Բայց եթե նա վայրենաբար է վարվել Միքայելի հետ, չէ՞ որ Միքայելը նրա վերաբերմամբ ավելի քան վայրենի է եղել — անասուն։ Եվ նա՞ է դեռ ուզում Հաբեթյանից հաշիվ պահանջել։ Նա՞, որ առաջին վիրավորողն է եղել, այն էլ գողնովի։

— Խնդրեմ, խնդրեմ,— շարունակեց Սմբատը, վրդովված, տեսնելով, որ եղբայրն ուզում է բողոքել,— առանց տաքանալու։ Ժամանակ է հասկանալու, որ չի կարելի ամեն խնդիր գոռոցներով և բռունցքներով վճռել։ Մի րոպե քեզ դիր Հաբեթյանի տեղը։ Չէ՞ որ կմտածեիր. «ի՜նչ, իմ մտերիմ ընկերը, որին ես հավատացել եմ, այդպես ինձ անպատիվ անի և ես գոնե մի ապտա՞կ էլ չտամ նրան»։ Եվ կտայիր, միայն չգիտեմ այդպիսի էֆեկտով, թե չէ։ Ո՛չ, սիրելիս, պետք է լոգիկաբար վարվել և խնդիրը պարզելու փոխարեն ավելի չխճճել։

— Այո՛, կուլ տալ ապտակը և հասարակական ծաղրի առարկա դառնալ, այս է քո լոգիկան, չէ՞...

Տիրեց րոպեական լռություն։ Սմբատը ցնցողաբար մատներով պտտեցնում էր ժամացույցի լարիչը։ Միքայելը, գլուխը կրծքին թեքած, եղունգներն անխնա կրծոտելով, անց ու դարձ էր անում։ Նա դեռ գունատ էր, ինչպես աշնանային տերև և մերթ ընդ մերթ ցնցվում էր, սարսուռ զգտլով վիրավորանքը հիշելուց։

— Միամիտնե՛ր,— գոչեց Սմբատը, կարծես, ինքն իր համար,— դուք ամեն մոլորություն հասարակական կարծիքի տեղ եք ընդունում։ Ովքե՞ր են կազմում ձեր հասարակական կարծիքը, այդ Քյազիմնե՞րը, Մոսիկոնե՞րը, Նիասամիձենե՞րը, Մելքոննե՞րը, թե՞ Պապաշաները։

Սիրելիս, տյդ մարդիկ միայն մի բարոյական հաճույք