Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էհ, թող զրկեն, ինչ կա։ Կարծում ես շա՞տ մեծ նշանակություն եմ տալիս ինչ-որ դելոպրոիզվոդիտելի պաշտոնին։ Գիտես ինչ, քույրիկս, ուզում եմ Սմբատ Մարկիչին խնդրել, որ այստեղ ինձ, այսպես ասած, մի լավ պաշտոն տա, աա՞...

— Գործակատարի՞։

— Ինչո՞ւ գործակատարի և ոչ կառավարիչի, գանձապահի կամ, այսպես ասած, անձնական քարտուղարի։ Ես այստեղ կարող էի ապրել, աստված վկա, կարող էի, չնայելով, որ, այսպես ասած, խորին Ասիա է։ Խնդրի՛ր սիրելի կողակցիդ, աա՞...

— Ես երբեք նրանից բան չեմ խնդրի, այն էլ քեզ համար։

— Պատճա՞ռը, աա՞։

— Ամեն մի խնդիր խնդրողի վրա որոշ չափով պարտականություն է դնում։ Իսկ ես չեմ ուզում երախտապարտ լինել Ալիմովին։

— Այ քեզ նորություն. կինը մարդուն երախտապա՞րտ...

— Ես նրա կինը չեմ, այլ միայն երեխաների մայրը...

Ալեքսեյ Իվանովիչն ունքերը բարձրացրեց մինչև մազերի արմատները. կնշանակե, թե մինչև այդ աստիճան զարմացավ։

— Իսկ նա՞... Երևի, նա էլ միայն քո երեխաներիդ հայրն է, աա՞... Այդ շատ օրիգինալ է, շատ օրիգինալ։ Գիտե՞ս, սիրելիս, պիտի ասած, որ դու շատ անհարմար ժամանակ ես դադարել Սմբատ Մարկիչի կինը դառնալու։ Քանի, այսպես ասած, տկլոր էր — կինն էիր, հիմա միլիոններ է ստացել — միայն երեխաների մայրն ես, այդ իսկի ձեռնտու չէ, աա՞...

— Ալեքսե՛յ...

— Գիտեմ, սիրելիս, գիտեմ, որ միմյանց, այսպես ասած, խածնում եք։ Բայց, քույրիկս, այժմ պետք է ատամներդ ներս քաշես, որովհետև մեջտեղ երկաթի սնդուկ կա, կրծոտելը դժվար է, աա՞.. Ուղիղն ասած, ես ինքս էլ չեմ սիրում այդ ասիացուն, բայց чорт побери, փող ունի, իսկ փողը, այսպես ասած, աշխարհի լծակն է, աա՞...