— Այո՛, մի փոքր։
— Այդ առաջին քայլն է, պատրաստվիր ավելի առաջ գնալու։ Հայտնի բան է, ներում խնդրելով, դու չէիր կարող ընկերոջդ վերքը բուժել և արածդ ջնջել, բայց ավելի լավ է աշխատել կատարած մեղքդ քավելու, քան նոր մեղքեր գործել։
— Ես ավելի մեղքեր ունիմ, քան դու կարծում ես...
— Ավելի լավ, միանգամից կքավես։
— Ես ուզում եմ նրանցից մեկը հենց այժմ խոստովանել քեզ, որովհետև քեզ է վերաբերում։
— Ի՞նձ։
— Այո՛։
Նա պատմեց իր ընդհարումը Մարութխանյանի հետ և խոստովանեց, որ կոնտր—կտակը խարդախ է։ Կարծես այժմ նրա համար ոչինչ բան էր՝ պարզել իր հոգու բոլոր կեղտերը։ Նա նմանվում էր դատապարտյալին, որ մի անգամ բերանից թռցնելով մի խոստովանք, այլևս չի կարողանում թաքցնել մյուս բոլոր հանցանքները և գլխիվայր գլորվում է անդունդ։ Չէ՞ որ միևնույն է, պիտի կրի իր պատիժը, թող գոնե սիրտը թեթևացնի։
— Ես լավ գիտեի, որ այդ կտակը խարդախ է,— ասաց Սմբատը, ներողամտաբար ժպտալով,— շատ ուրախ եմ, որ այդպես պատահեց։ Դու ինքդ քեզ ազատեցիր վտանգից։
Հետևյալ օրը Միքայելը կանուխ առավոտյան մտավ դարձյալ Սմբատի սենյակը և խնդրեց որևէ գործ հանձնել իրեն։ Անգործությունն այժմ նրան թվում էր և՛ ձանձրալի, և՛ ամոթալի։ Սմբատն ասաց, թե բոլոր գործերը հավասար, պատկանում են երեք եղբայրներին և թե Միքայելը կարող է ընտրել, որը կամենում է։ Միքայելը ցանկություն հայտնեց նրա փոխարեն հետևել հանքային գործերին։
— Շատ լավ,— ասաց Սմբատը, խոր-խոր նայելով նրա աչքերին,— ինչպես կամենում ես... Ես այսուհետև հանքերը չեմ գնալ, բայց դու ինձ հաշիվ կտաս...
Միքայելին թվաց, թե «հաշիվ կտաս» բառերը եղբայրն արտասանեց խորհրդավոր և երկդիմի եղանակով։
Այդ օրից նա էր այցելում հանքերը։