Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես դուք եք համառ, ես էլ եմ ուզում համառ լինել նույնիսկ իմ շրջանի նախապաշարումների վերաբերմամբ։

Մի դառն, երկարատև ու թունալի ծիծաղ եղավ Սմբատի պատասխանը։ Հետո Անտոնինա Իվանովնան թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։ Կամ այդ մարդը չարամիտ է, կամ հարբած, ուրիշ կերպ չէր կարող այդ խոսքերն ասել։ Սակայն նա գիտեր, որ Սմբատը ոչ այս է, ոչ այն։ Գիտեր, որ անսահման սիրելով իր զավակներին, շատ անգամ այնպիսի խոսքեր է արտասանում, որոնք հակառակ են իր իսկ առողջամտությանը։

Սմբատը հուզումից բռունցքները սեղմել էր գլխին, կարծես, այսպիսով աշխատելով մեղմացնել ուղեղի մեջ անգամ տարածված ցավը։

Դռներն ուժգին թափով բացվեցին, ներս վազեցին Վասյան և Ալյոշան, միմյանց հրելով ու բարձրաձայն ծիծաղելով։ Տեսնելով ծնողներին իրարու կատաղած նայելիս, լռեցին և բևեռվեցին իրենց տեղերում։ Նայում էին վախեցած մերթ մոր, մերթ հոր երեսին։ Ալյոշան մոտեցավ կամացուկ մորը, որի արտասվալի աչքերը շարժեցին նրա սիրտը։

— Մամա, էլի այդ կոպիտ հայերը քեզ վիրավորե՞լ են,— ասաց Վասյան, բռնելով մոր ձեռը։

— Այո՛, ձեզ ուզում են ինձանից բաժանել,— գոչեց Անտոնինա Իվանովնան, ջերմ համբուրելով նրանց։— Նո՛ւ, տեսնո՞ւմ եք՝ ում են սիրում — դարձավ նա Սմբատին։

— Այդ ուրիշ ոչինչ չի ցույց տալիս, եթե ոչ ձեր էգոիզմը: Ուշադրություն դարձրեք այդ մանկան հարցի վրա. դուք այդ անմեղ երեխաների մեջ զարգացնում եք ատելություն դեպի ինձ և մերոնք։ Դուք... դուք գողանում եք նրանց անպաշտպան զգացումները։

Եվ համբերությունը կորցնելով, բռնեց երեխաների թևերից, ուժով քաշեց իր կողմը։

Անտոնինա Իվանովնան արձակեց մի թույլ ճիչ և ամուր գրկեց երեխաներին։ Սմբատը մի քայլ հետ կանգնեց, զգաց, որ չափազանցության է հասնում։ Բայց ի՜նչ սոսկալի դրություն. տեսնել սիրելի զավակներին անխզելի կապով կապված