Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատաղությունից խածնեց նրա գարշապարը։ Մի կարմրերես լեզգի, որի թևերը մինչև արմունկները կտրած էին, հարձակվում էր սրա ու նրա վրա և ատամներով խլում մսի կտորները և գրեթե առանց ծամելու կուլ էր տալիս։ Թափառաշրջիկ շների մի ոհմակ խառնվել էր մուրացկաններին և մռմռալով կրծոտում էր գետնի վրա թափված ոսկորներն ու լակում կերակրի կեղտոտ հեղուկը։ Մերթ ընդ մերթ գործակատարներն ու ծառաները միահամուռ ուժերով հարձակվում ու հետ էին մղում խուժանը, բայց ոչինչ չէր օգնում՝ որևէ կարգապահություն վերականգնելու։

Վերջապես բոլոր ուտելիքները բաժանվեցին, խոհանոցի դռները փակվեցին, բայց խուժանը դեռ չէր արտաքսվում և այս նշանակում էր, որ տակավին կա մի բան, որին պետք է սպասել։ Ահա դեպի տան երկրորդ հարկը տանող սանդուղքի վրա հայտնվեց Սրաֆիոն Գասպարիչի հանդիսավոր կերպարանքը։ Նա հրամայեց ծառաներին՝ մեկիկ-մեկիկ մուրացկաններին թույլ տալ իրեն մոտենալու։ Ձեռքում բռնած ուներ մի մեծ գույնզգույն թաշկինակ՝ արծաթե դրամներով լի։ Այրիացյալ տիկին Ոսկեհատն էր կարգադրել սեփական դրամից հարյուր ռուբլի բաժանել մուրացկաններին՝ հանգուցյալի հիշատակին։

Սրաֆիոն Գասպարիչը թաշկինակը շարժեց, դրամները հնչեցին։ Արծաթե ախորժալուր ձայնն էլեկտրական տոկի պես անցավ խուժանի մարմնով, ցնցեց նրան։ Քանի մի վայրկյան նա անշարժ էր և ապշած նայում էր վաղեմի աստիճանավորի դյութական թաշկինակին։ Բայց ահա նա շարժվեց, դղրդաց և, խուլ աղաղակ բարձրացնելով, դիմեց դեպի թաշկինակը՝ որպես գիշակեր թռչունների երամ։ Այլևս ո՛չ ծառաներն ու գործակատարները և ո՜չ փողոցից եկած ոստիկանները չկարողացան զսպել խեղճերի մերկանդամ բանակը։

Ծերունին շրջապատվեց։ Հարյուրավոր կեղտոտ, առողջ և գոս, առնական և կանացի ձեռներ միաժամանակ բարձրացան վեր և օդի մեջ կազմվեց մի շարժուն անտառ կաշվից ու ոսկորից։ Կային անդամալույծներ, զուրկ երկու ոտներից։ Ձեռների վրա սողալով, սրա ու նրա ոտները