Նա պենսնեն ուղղեց, նստեց քրոջ դեմ և, ոտը ոտի ձգելով, շարունակեց.
— Մեր երկաթի դարում, այսպես ասած, գոյության կռիվը հասել է իր զենիտին Այժմ միայն նա է կարող ապրել, ով ունի երեք ժամանակակից զենքերից մեկը— փող, տաղանդ և հնարագիտություն: Դու փող չունիս, այսինքն՝ սեփական փող, այս մեկ։ Դու տաղանդից զուրկ ես— այս երկու։ Մնում է հնարագիտությունը։ Հնարագետները, սիրելիս, շատ տեսակների են լինում, և նրանց մեջ, իմ խորին համոզմունքով, պատվավոր տեղ է բռնում, այսպես ասած, կենսական հնարագետը։ Դու այս երևելի շնորհից էլ զուրկ ես ու զուրկ։ Ահա ինչու, լսի՛ր, սիրելիս, եթե հավանես — ընդունիր, ես ուզում եմ գալ օգնության իմ ծրագրով։ Եթե ոչ— դու քեզ, ես ինձ համար։
Նա կտրեց սիգարի ծայրը ժամացույցի շղթայից քաշ արած փոքրիկ մկրատով, վառեց, բաց թողեց ծխի մի քանի քուլաներ։
— Դու պիտի հաշտվես Ալիմովի հետ,— շարունակեց, բեղերը շփելով,— այո՛, պիտի հաշտվես։ Մի՛ ցնցվիր, լսի՛ր, հետո։ Նախ և առաջ դու ցույց կտաս սկեսրիդ, այդ, այսպես ասած, անդրպատմական վհուկին, հարգանք, այսինքն կեղծ հարգանք։ Նու՛, նու՛, հասկանում եմ. ուզում ես ասել, թե կեղծել չես կարող, գիտեմ, բայց լսի՛ր։ Այո՛, ցույց կտաս կեղծ հարգանք և կամաց-կամաց, այսպես ասած, կկոտրես նրա սրտի ասեղը։ Հետո պառավին կդարձնես, այսպես ասած, մի տեսակ կամուրջ դեպի կողակցիդ սիրտը։ Բարձրանալով այդ կամրջի վրա, կամացուկ կպարզես սեփական դրոշակդ և, այսպես ասած, կպաշարես Սմբատ Մարկիչի հավատարմությունը։ Հետո քիշ-քիչ կհամոզես նրան, թե երեխաները չեն դիմանում այստեղի կլիմային։ Եվ իրավ, այս ի՞նչ դժոխային կլիմա է. քամի, փոշի, նավթ... Հա՛, կասես հիվանդանում են, պետք է նրանց տեղափոխել։ Կասես ժամանակ է նրանց ուսում տալու, այստեղ օրինավոր դպրոց չկա, էտցետերա, էտցետերա, էտցետերա... Եվ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե նույնը կրկնելով, վերջը կհամոզես, թե դու նրանց պիտի տանես Պետերբուրգ։