շրջապատված էր լայն պատշգամբով, որ հարմարեցրած էր ամառային կացության համար։ Չորս կողմը տարածվում էր մաքուր, ընդարձակ ու հարթ բակը, շուրջը պատած քարե պարսպով։ Բակի մի ծայրում կառուցված էր մի մեծ դահլիճ, որ կարող էր ծառայել թե՛ իբրև ուսումնարան և թե՛ իբրև թատրոն։ Մյուս ծայրում մի փոքրիկ բաղնիք, մի բան, որ նույնպես նորություն էր հանքային մշակների համար։
— Միայն այս մեկ տունը մեզ նստել է հիսուն հազար ռուբլի,— ասում էր Զարգարյանը։
Վաղ առավոտից պատշգամբի վրա դարսվեցին մրոտ տոպրակներ, զամբյուղներ և թաշկինակներ՝ լի զանազան պաշարեղենով։ Բակում արհեստավորներն իսկույն շինեցին ժամանակավոր սեղաններ՝ երկայն տախտակներից։ Եղանակը բավական տաք էր, մշակները կամեցան դրսում ճաշել։
Զարգարյանի կոր մեջքն այսօր, կարծես, ուղղվել էր, դեմքի վրա խաղում էր գոհունակության ժպիտը, նիհար ոտներն ուրախությունից ծռվում էին ման գալիս։ նա մշակների հետ կատակներ էր անում և պատվիրում, որ այսօր կրակի հետ զգույշ վարվեն։
Տասնումեկ ժամին բոլոր շվիկները սուլեցին, թե ժամանակն է գործերը դադարեցնել։ Կես ժամ անցած՝ բակը լցվեց սև ուրվականներով։ Մրոտ դեմքերի վրա նշմարելի էր անսովոր զվարճություն, դեղնած շրջանակների մեջ աչքերի բիբերը փայլում էին տենդային ուրախությամբ։ Շատերն օրվա հանդեսը նմանեցնում էին գյուղական ուխտագնացության, հառաչում էին, ախ քաշում, հիշելով իրենց ծննդավայրը, բայց և՛ միմյանց հրում էին, ծիծաղում, և՛ Ալիմյաններին օրհնում։
Դա մարդկային ամբոխ չէ, այլ ինքը դառն աշխատանքը, հազար ու մի կենսական հոգսերի ու վշտերի մարմնացումը։ Եկել էր գեթ․ մի քանի ժամով թոթափելու իր հոգուց մռայլության փոշին, և կեղտի, մրի ու ցնցոտիների տակից ծիծաղելու։ Սակայն ուր ոտք էր դնում, այնտեղ մտցնում էր՝ սևություն ու մռայլ։ Նույնիսկ արեգակի պայծառ շողերը մթնում էին՝ ընկնելով մարդկային մթին ծովի վրա։ Բայց