Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասացեք խնդրեմ,— ասաց նա երերուն ձայնով,— դուք ո՞վ եք, որ մեր գործերին խառնվում եք, հը՞ը, ո՞վ եք։ Դուք ի՞նչ իրավունքով եք Անտոնինա Իվանովնայի միջոցով ինձ խնդրում այս անել, այն անել մշակների համար, ըըը՞։ Չլինի՞ կարծում եք, թե ես էլ ձեր սիրած մարդասերներից կամ դեմոկրատներից եմ։ Ո՛չ, ես ատելով ատում եմ բոլոր բարեգործներին, ես ոչինչ, ոչինչ չեմ ուզում անել բանվորների համար և չեմ անիլ։ Ես իմ քեֆի մարդ եմ, ուզածս եմ անում։ Կամենաք հենց վաղը կհրամայեմ քանդել Սմբատի շինել տված տները և մշակներին կթողնեմ բաց օդի տակ։ Այո՛, կանեմ... Կամենաք ձեր տունն էլ քանդել կտամ, այդ բոլոր հանքերն էլ կրակ կգցեմ։ Ինձ համար գրոշի գին չունի մարդկանց կարծիքը... Ի՞նչ իրավունքով եք ինձ խորհուրդներ տալիս...

— Սպասեցե՛ք, պարոն Ալիմյան, ես երբեք...

— Մի՛ կեղծեք, աստված սիրեք։ Դուք Անտոնինա Իվանովնայի հետ խոսել եք։ Կարելի է դուք այն էլ ասեք, թե ինձանից չե՞ք փախչում կամ Սմբատին չե՞ք սիրում։ Էէ՜, ամաչո՞ւմ եք... Իսկ ես ոչնչից չեմ ամաչում, բոլորը կասեմ... Լսեցե՛ք... Դուք կամեցաք, որ ես ստորանամ — ստորացա, կամեցաք՝ արժանանամ ընկերներիս արհամարհանքին — արժանացա, փախչեմ հասարակությունից՝ փախա։ Այժմ ուզում եք, որ ձեր գործակատա՞րը դառնամ։ Ներեցե՛ք, չեմ կարող...

Շուշանիկը չգիտեր ինչպես պատասխանի այդ անկապ խոսքերին։ Նա ուզում էր խոսել, բայց գրգռված Միքայելը չէր թույլ տալիս նրան՝ բերանն անգամ բանալու։

— Ո՞վ եք դուք, ո՞վ է ձեր հորեղբայրը, ձեր բոլոր ընտանիքը կամ հենց ամբողջ հասարակությունն ինձ համար։ — Ոչնչություն, քամի, այ, իմ նավթահորերի գազը... Ես արհամարհում եմ մարդկանց կարծիքները։ Ես Միքայել Ալիմյանն եմ, հարուստ, ինքնագլուխ իշխան։ Քեֆս կտա, կօգնեմ մարդկանց, չի տա — կջարդեմ, ոտնատակ կանեմ։ Ես ատելով ատում եմ բոլոր կանանց... Հա՜-հա՜-հա՜. «որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Իմ և Սմբատի՞ մեջ։ Այո՛, կա։ Նա խելոք է՝ ես հիմար, նա կրթված է՝ ես