է սիրել կյանքն իր ամենամռայլ գույներով անգամ։ Եվ համոզված էր, որ նա, վերջապես, հասել է նպատակին։ Այժմ մի՞թե Շուշանիկը թույլ կտա նրան կարծելու, թե այդ համեստ կերպարանքի տակ թաքնված են հանդուգն ձգտումներ։
Նա կանգ առավ։ Նրա նիհար ու երկայն մատները ցնցողաբար թերթում էին գիրքը։ Վաղաժամ թառամած դեմքի վրա հայտնվեց մի նոր, տակավին Շուշանիկին անծանոթ մռայլ գիծ։ Ներվային արագ շարժումով դեն շպրտեց գիրքը, կոր մեջքն ուղղեց և երերվող ձայնով շարունակեց։ Թող չկարծի Շուշանիկը, թե նրա հորեղբայրը դեմ է առհասարակ սիրո զգացմանը։ Ո՛չ, նա էլ քիչ թե շատ հասկանում է ու զգում։ Նրա սիրտը մարմնի պես չոր չէ։ Երբեմն այդ սիրտը բաբախել է։ Եվ եթե այսօր այսպես նա ընկճված է, պատճառը հենց սերն է․․․ դժբախտ սերը։ Նա մի խեղճ վարժապետ էր Թիֆլիսում, դաս էր տալիս մի հարուստ վաճառականի երեխաներին։ Դա մի կոպիտ բռնակալ էր ընտանեկան կյանքում։ Առաջին կնոջը թաղելուց մի տարի անցած ամուսնացել էր մի թարմ օրիորդի հետ, որի ծնողները շատ աղքատ էին։ Դավիթը, հենց առաջին տեսնելուց, թույլ տվեց իրեն աններելի տկարություն։ Տիկինն անտարբեր էր կամ գուցե այդպես էր ձևանում։ Դավիթը հափշտակվեց, երևակայեց աններելի բաներ, հետո անգիտակցաբար նրա մեջ զարգացավ մի անհավասար սեր, գուցե ճիշտ այնպիսին, ինչպես ներկա դեպքում․.. Եվ դժբախտացավ։
— Շուշա՛ն, սիրելը լավ է, բայց երբ չեն սիրվում, այդ է վատը։ Սմբատ Ալիմյանը քեզ սիրել չի կարող, որովհետև նրա սիրտը պատկանում է իր զավակներին։ Նա ազնիվ մարդ է, քեզ չի մոլորեցնիլ...
Այլևս Շուշանիկը չկարողացավ իրեն զսպել։ Հորեղբոր խոսքերն արտահայտում էին այն, ինչ որ ինքը ևս զգում էր։ Բողոքելով ձեռների բացասական շարժումներով, թույլ ճիչերով ու ջղաձգական ցնցումներով, նա, միևնույն ժամանակ, չէր կարողանում հերքել իր սերը դեպի Սմբատ Ալիմյանը, որովհետև չգիտեր ստել ու կեղծել։ Նրա կոկորդի երակները փքվեցին, կուրծքն ուռավ, բարձրացավ։