— Դուք գիտեք, որ Իսահակ Մարութխանյանը երկար խոսել չի սիրում։ Եկել եմ իմանալու, ձեր եղբայր Միխայիլ Մարկիչը ե՞րբ պիտի վճարի իմ փողերը։
— Ձեր փողե՞րը...
— Իմ հալալ փողերը։ Հերիք է, որքան սպասեցի։ Ասենք, մի բան չեմ կորցնում, տոկոսներն ավելանում են, բայց վերջապես, ե՞րբ պետք է տա պարտքը...
— Ի՞նչ պարտք, չեմ հասկանում։
— Չե՞ք հասկանում,— զարմացավ Իսահակն այնքան ճարպիկ, որ դժվար էր կեղծիքը զգալ,— միթե ձեզ չի՞ էլ ասել։ Զարմանալի է, շատ զարմանալի, մարդ մոտ կես միլիոն պարտք ունենա և հարազատ եղբորից թաքցնի՞, այն էլ մեծ եղբորից։ Իմ արևը, Միխայիլ Մարկիչը շատ բախտավոր մարդ է... Իսկ ես, խեղճս, երբ մի քանի ռուբլի պարտք եմ ունենում, գիշերները քունս չի տանում։
Կես միլիո՜ն... Սմբատը նայեց հյուրի կանաչ-դեղնագույն աչքերին, որ ակնոցների տակից ժպտում էին անզսպելի չարախնդությամբ. արդյոք այդ մարդը չի՞ խելագարվել։ Բայց խելագարության ոչ մի նշույլ. ընդհակառակը, երբեք Մարութխանյանի դեմքն այնքան խորամանկ չէր թվացել Սմբատին, որքան այժմ։
— Կես միլիո՜ն,— կրկնեց Սմբատը,— գիտեք, մենք միմյանց հետ հանաք չենք կարող անել այն օրից հետո, երբ դուք...
— Աստված հեռու տանի,— ընդհատեց հյուրը,— ես իսկի հանաք չեմ անում։ Միխայիչ Մակիչ Ալիմովը մասնավոր պարտաթղթերով ինձ, Իսահակ Սեմյոնովիչ Մարութխանովիս, պարտական է երեք հարյուր քսան հազար ռուբլի։ Տոկոսներն էլ վրեն գանք, կանի մոտ կես միլիոն կամ մի բան էլ ավելի։— Ես հենց մտքումս ասում էի, Սմբատ Մարկիչը չի հավատալ խոսքիս, կզարմանա։ Անունս վատ է դուրս եկել ձեզ մոտ, գիտեմ։ Բայց խնդրեմ այս երեկո շնորհ բերեք չային մեր տուն, ցույց կտամ պարտաթղթերը։
— Երևի, էլի այնպիսի մի թուղթ, ինչպես ձեր խարդախած կոնտր-կտակը...