Նա աշխատում էր համոզել իրեն, թե չպիտի իր համար լինի ավելի մեծ վիշտ, քան հարազատ հոր հուսահատական վիճակը։ Նա վեր կացավ, որ անցնի հիվանդի սենյակը, բայց դռների մոտ լսեց Սմբատի ձայնը։ Ձեռները թուլացան, գլուխն անզոր թեքվեց կրծքին, այնքա՜ն այդ ձայնն ազդեց նրա վրա։ Ո՛չ, նա իր սենյակից չի դուրս գալ, թեկուզ հայրն էլ կանչի։ Նա կփակի ականջները, որ չլսի վտանգավոր ձայնը, կգոցի աչքերը, որ չտեսնի առնական կերպարանքը։
Պատերազմն անտանելի էր։ Նա չէր ուզում լսել այդ ձայնը, բայց ականջ էր դնում, որ լսի։ Այս վատ է, շատ վատ, պետք է տնից փախչել։ Նա դուրս եկավ պատշգամբ։ Չգնա՞լ արդյոք, Անտոնինա Իվանովնայի մոտ։ Այնտեղ խղճի խայթը կսթափեցնի նրան։ Ցույց տալով սառնասրտությունը, տիկնոջ սրտից կջնջի կասկածը։ Թող ենթարկի իրեն դառն փորձի, բտյց փորձը կմաքրի, կզտի նրա սիրտը։
Սակայն տիկինը տանը չէր, գնացել էր գրադարան-ընթերցարան։ Իսկ երեխաներն աղախնի հետ դրսում, մի կանաչ տափարակի վրա uերսո էին խաղում։
— Բարև ձեզ, օրիորդ,— լսեց Շուշանիկն այն մարդու ձայնը, որից փախչում էր։— Ներեցեք, կարծես վախեցրի ձեզ։ Բայց լավ բռնեցի, ձեզ հետ խոսելիք ունեմ...
Նա շտապեց ներս, բերեց երկու աթոռ, դրեց պատշգամբի մի խուլ անկյունում, որ ավելի ապահով էր օտար աչքերից։ Շուշանիկը չկարողացավ հակառակել․ միշտ Սմբատի ձայնը կաշկանդում էր նրա կամքը։
— Օրիորդ,— սկսեց Սմբատը ռուսերեն լեզվով,— դուք խելոք և զարգացած եք, հուսով եմ, որ թույլ կտաք ինձ եղբայրաբար մի հարց առաջարկել ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ի՞նչ կարծիք ունեք իմ եղբոր, Միքայելի մասին։
Հարցը միանգամայն անսպասելի էր, Շուշանիկը նեղն ընկավ։ Բայց չէ՞ որ Սմբատ Ալիմյանը նրան համարում է «խելոք ու զարգացած», պետք է ուրեմն չշփոթվել։
— Ինչո՞ւ համար եք հարցնում,— ասաց նա։
— Ձեր պատասխանից շատ բան է կախված։ Ուզում