շրթունքները, որ մի կերպ խեղդի իր մեջ կատաղությունը, որպեսզի մի որևէ ավելորդ բառով չվիրավորե իր մորը եպիսկոպոսի ներկայությամբ։
— Սրբազան,— խոսեց նա վերջապես,— բարի՛ եղեք համոզելու մորս, թե հրեշ է այն մարդը, որ իր հարազատ զավակներին կձգե փողոց։ Ես սիրել եմ հորս, սիրում եմ մորս, բայց ի՞նչպես զոհեմ այդ սիրույն մի ուրիշ, ավելի զորավոր սեր — հայրականը։ Սրբազան, ամեն մի մարդ ինքն է պատասխանատու թե՛ այս, թե՛ մյուս աշխարհում իր անհատական կյանքի համար։ Եթե իմ արածը ոճիր է իմ ազգի, կրոնի և գերդաստանի դեմ, ես և միայն ե՛ս պիտի կրեմ նրա պատիժը։ Գալով իմ հոր անեծքին, ես կաշխատեմ նրանից ազատվել ուրիշ ճանապարհով․ ես կաշխատեմ լինել օրինավոր մարդ, ազնիվ, անարատ իմ գերդաստանի և ուրիշների համար, բայց ձգել իմ զավակները՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՜ք․․․
— Որ այդպես է, զավակներդ վերցրո՛ւ, իսկ նրանց մորը արձակիր․․․
— Մո՜րը,— գոչեց Սմբատը, այլևս չկարողանալով զսպել իրեն.— ի՞նչ կանեի՛ր, մա՛յր, եթե քեզանից խլեին քո զավակներին։ Ո՛չ, սրբազա՛ն, զուր է ձեր միջամտությունը, ես չեմ կարող մորս պահանջը կատարել։
Այդ ասելով, նա ոտքի կանգնեց ցույց տալու համար, որ այլևս ավելորդ է համ արում այդ մասին խոսելը:
Սրբազանն ուրախ էր, որ խնդիրը շատ էլ չի բարդանում և կարող է այժմ թեթևացնել իր շնչառությունը։ Աջող վայրկյան որսալով, ոտքի կանգնեց, պահպանիչ ասաց, հասկացնելով մյուս սենյակում սպասողներին, թե նուրբ տեսակցությունը վերջացել է։
Սրբազանն ստացավ «աջահամբույրը» և հեռացավ նույն հանդիսավորությամբ, որով եկել էր:
Այրին լալիս էր, Սրաֆիոն Գասպարիչը մխիթարում էր նրան։
Քառորդ ժամ անցած, Սմբատը դարձյալ հոր սենյակումն էր։ Նա դառնացած էր, բայց միևնույն ժամանակ զգում էր մի տեսակ հոգեկան թեթևություն։ Առաջին