Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան, այդ փչացած ու ապականված մարդու՞ն է պարտական իր հոր, հորեղբոր, նույնիսկ իր կյանքը, ի՞նչ է նշանակում այդ անձնազոհությունը։ Ո՞վ կամ ի՞նչը ներշնչեց այդ մարդուն այդչափ անվեհերություն և արհամարհանք դեպի սեփական կյանքը։ Դա երազ չէր, այլ իրականություն ու անսպասելի, աներևակայելի, և՛ երկյուղալի, և՛ ուրախալի։ Գեղեցիկ էր նա այն պահին, երբ թանձր ծխի միջից դուրս եկավ Չուպրովի թևին հենված, գեղեցիկ ասպետական գեղեցկությամբ։ Օօ՜, ոչ. երբեք, երբեք Շուշանիկը չի մոռանալ այն վայրկյանը, որ մոգական լապտերով խորին մթության մեջ պայծառացրեց զմայլելի մի պատկեր։ Արժե՞ր նրա զգացած վիրավորանքն այդ ասպետական վարձատրության։ Ոչ, ոչ և ոչ։ Կարծես անցնելով կրակների ու ծխերի միջով, այդ մարդն անհետք այրեց իր բոլոր անցյալը և դուրս եկավ հնոցից՝ ապականությունից մաքրված ու զտված։ Իսկ այն մյու՞սը, որ այնքան հոգեկան տվայտանքներ էր պատճառել նրան և որին իր մոլոր երևակայության մեջ այնպես իդեալացրել էր։ Այո՛, նա նույնպես կամեցավ հերոսանալ, բայց ուրիշների ձեռքով, բայց ոսկու միջոցով։ «Տղերք, երեք հազար, չորս հազար, հինգ հազար ազատողին», ի՜նչ կծու հեգնությամբ են հնչում այժմ այդ բառերը նրա ականջներին։ Ի՜նչ ահռելի վիհ երկուսի մեջ և ո՞րն է բարձր — եթե ոչ նա, որ ահա այնտեղ, մերկ անկողնակալի վրա ընկած, տառապում է ցավերից։ Մեկը ոսկով, մյուսը կյանքով, և ո՞ր ոսկին կարող է փոխարինել կյանքը։ Ովքե՞ր են Զարգարյանները նրա համար, այդ անդամալույծը, այդ աննշան գործակատարը։ Իսկ ի՞նքը՝ Շուշանիկը։ Մեկը՝ ոչնչություն, մյուսը՝ կյանքի հեգնանքներից ծնված միայն և միայն աշխատելու ու տառապելու համար։ Մինչդեռ նա, ոսկեհյուս խանձարուրի մեջ սնվածը և շուքի ու շռայլության մեջ օրորվածը, ոչնչով, ոչնչով պարտական չէր մի աննշան, մի աղքատիկ աղջկա ազատելու կրակի ճանկերից։

Մյուսը դիմեց դրամի օգնության ազատելու համար այն մարդուն, որ ազատել էր իր զավակներին։ Դառը հեգնանք՝ շպրտված չքավորության երեսին, որպես թունավոր թուք։ Հհ՜, կարծես, այդ մարդիկ, որոնց նա հրամայում էր կրակի