Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեք, Միքայելը չէր կարող թույլ տալ, որքան ևս ատված ու արհամարհված լիներ նրանից։ Ահ, ինչ լավ արավ, որ աչքերը փակեց և նետվեց կրակի մեջ և որքան հաճելի է հակառակորդին պատժել վեհանձնությամբ։

Նրա աչքերը փակվեցին։ Նա նիրհեց խաղաղ, անվրդով նիրհով։ Նախկին բարեկամները դուրս գնացին, և դա եղավ նրանց վերջին այցելությունը և վերջը բարեկամության։

Մի րոպե անցած հուշիկ քայլերով ներս մտավ մի գունատ պատկեր։ Կամացուկ մոտեցավ, նայեց Միքայելի փակ աչքերին և նստեց նրա գլխի կողմում։

Հրդեհը մոտենում էր վախճանին։ Մի քանի բուրգեր ևս ոչնչացնելով և ամբարներ պայթեցնելով, նա, կարծես, հագուրդ ստացավ և այլևս ճանկերը հեռու չէր տարածում։

Իրիկնադեմին Սմբատը հրամայեց Միքայելին տեղափոխել իր բնակարանը։ Նորաշեն տունը հրդեհից ազատվել էր, և այժմ նրան վտանգ չէր սպառնում։ Միքայելը եկավ ինքն իր ոտքով, վնասված կուռը պարանոցին կապած մի թաշկինակով, որ արդեն կեղտոտվել էր նավթից։ Սմբատն օգնեց նրան լվացվել և հագուստը փոխել։ Թևը գրեթե չէր ցավում. բժիշկը լավ էր ուղղել տեղահան ոսկորը։ Նա դուրս եկավ պատշգամբ հանգստացած ու թարմացած։ Նա իր բնակարանն առաջարկեց Անտոնինա Իվանովնային, իսկ Դավթին հրամայեց իսկույն անդամալույծին տեղափոխել գրասենյակ առժամանակ, մինչև որ բոլորը կարգի կբերվի։

Ամբողջ օրը ոչ ոք ոչինչ չէր կերել, բոլորը քաղցած էին։ Միքայելը խնդրեց ամենքին միասին ճաշել պատշգամբի վրա։

Արևն արդեն թեքվել էր դեպի մուտքը, իր վերջին ճառագայթներով շողշողացնելով ընդարձակ պատշգամբի ապակիները։ Հեռվում մխում էին այրված շինությունների բեկորները։

Սմբատը հրամայեց Դավիթ Զարգարյանին՝ սպանված, նաև վիրավորված մշակների ընտանեկան կեցության մասին մանրամասն տեղեկություններ ժողովել ու հաղորդել իրեն։

— Պետք է աշխատեմ սպանվածների որբերին վարձատրել,— ավելացրեց նա։