Միքայելը սթափվեց իր մտքերից։ Նա Սմբատի հետ կառքով վերադառնում էր տուն։
Նայեց եղբոր երեսին անորոշ հայացքով և ոչինչ չասաց.
— Դեռ չեմ հաշվում քարե շինությունները, մեքենաներն ու կաթսաները,— շարունակեց Սմբատը,— ոչ, ոչ ավելի, ավելի քան կես միլիոն վնաս տվեց մեզ այդ անիծյալ հրդեհը։
— Քեզ շա՞տ է վշտացնում այդ վնասը,— հարցրեց Միքայելը։
— Իսկ քեզ, ո՞չ։
— Դու Դավիթ Զարգարյանին վարձատրե՞լ ես,— արտասանեց Միքայելը, կարծես, չլսելով եղբոր հարցը։
— Նա ասաց քո ներկայությամբ, որ իր վարձն ստացել է ավելորդով։
— Նա շատ բան կարող է ասել, նա շահասեր չէ։ Իսկ դու մի՞թե չես զգում, որ պարտավոր ես մի բան պարգևել նրան։
— Որքա՞ն պիտի տալ քո կարծիքով։
— Գոնե այնքան, որ լիովին ապահովվին նրա եղբոր ու քրոջ ընտանիքները։
— Ահա թե ի՜նչ,— գոչեց Սմբատը զարմացած,— շատ առատաձեռն ես։
Միքայելը լռեց և ոչինչ չասաց։ Հասնելով տուն, նա մտավ Սմբատի սենյակը, նստեց գրասեղանի քով, դրեց մի քանի տող մի թերթ թղթի վրա։
— Վերցրո՛ւ,— ասաց նա, թուղթն անփույթ ձևով ձգելով Սմբատի առաջ և ոտքի ելնելով։
— Այդ ի՞նչ է։
Սմբատը կարդաց թուղթը։
— Այս թղթով դու հրաժարվում ես քո բաժին ժառանգությունի՞ց։
— Ինչպես տեսնում ես — այո։
— Երեխա ես, կատարյալ երեխա,— ասաց Սմբատը և թուղթը հեռացրեց իրենից։
— Երեխա եմ, թե չէ, վերցրու այդ թուղթը, պահիր