Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցավդ առնեմ, հրամանոցդ շատ լավ ենք հիշում։ Այսչափ երեխա էիք, ա՛յ,— շարունակեց մարդը, ձեռով ցույց տալով մի արշին բարձրություն հատակից,— պզտիկ, պզտիկ։ Հետո մի քիչ մեծացար, գնացիր Մոսկվա ու գնացիր. աստված պահի, այժմ տղամարդ ես, այն էլ ի՛նչ տղամարդ... Լա՞վ ես, աղա ջան...

— Շնորհակալ եմ։ Դուք ասացիք՝ ինչ-որ հաշիվ ունիք. ի՞նչ հաշիվ է։

Ուստա Բարսեղը, կարծես, հարցը չլսեց և շարունակեց նույն անվրդով եղանակով.

— Գալիս էիր մոտս, պզտիկ-պզտիկ զանգուլակներ էիր ուզում կատվի վզին կապելու համար։ Այ, հենց սենյակի տակն է մեր խանութը, ցավդ առնեմ, ոտքով որ խփես — ծառայիդ գլխին կդիպչե...

— Հիշում եմ, հիշում եմ,— ընդհատեց Սմբատն անհամբեր,— ուստա Բարսեղն եք, արծաթագործ... Ասացե՛ք ի՞նչ հաշիվ ունիք, ուստա Բարսեղ:

— Մի օր եկաք, թե «ինձ համար ձուկ բռնելու չանգալ շինե, ուստա Բարսեղ»։ «Աչքիս վրա, ասացի, ցավդ առնեմ»։ Նստեցի ու մի օր տանջվելով, մի լավ արծաթե չանգալ շինեցի, բաշխեցի... Ուրախացար ցավդ առնի ուստա Բարսեղը...

— Ուստա Բարսեղ, հաշիվ էիք ասում։

— Մյուս օրը չանգալը բերիր, թե «ուստա Բարսեղ, ասում են, արծաթը ղալբ է»։ Չեմ իմանում, որ մոլթանին էր ասել, որ ուստա Բարսեղը ղալբ արծաթը խալիսի տեղ է ծախում... Մի՞տդ է...

— Ի՞նչ հաշիվ ունիք ուստա Բարսեղ,— գոչեց Սմբատը, ձայնը բավական բարձրացնելով բարկությունից։

— Հաշի՞վը,— կրկնեց հյուրը, իբր թե անփույթ.— հա, մոռացա, գլուխս խոսքով խառնվեց։ Հաշիվը, Սմբատ-բեգ, Միքայել Մարկիչի անունով... Պզտիկ հաշիվ է, շատ պզտիկ, ցավդ առնեմ... Բայց դե Միքայել Մարկիչը ջահելություն է անում... Երեք օր է աղաչում, պաղատում ենք, չի հատուցանում...