մոմեր` զույգը քառասուն կոպեկանոց։ Նրան հետևում էին Հերիքնազը` կռնատակին բռնած մի կապոց և ժամկոչը` մի ձեռքում հանգած բուրվառը, մյուսում` տերհոր գավազանն ու Աբրահամ աղայի մորթե գդակը։
Աջ ու ձախ կողմերից հանդեսն ուղեկցում էին մի տասնյակ կիսամերկ, ոտաբոբիկ մանուկներ, աշխատելով մի քայլ անգամ ետ չմնալ հանդեսից և միշտ նայելով Աբրահամ աղայի երեսին այնպես, որ կարծես մարդը անհայտ մոլորակից ընկած մի տարօրինակ արարած լիներ։ Այնինչ, Աբրահամ աղան գրգռված էր, նրա կռները հոգնել էին սանիկին պահելուց, այնչափ, որ ուրախ կլիներ նրան ձգել գետնի վրա։ Իր սրտի մաղձը նա թափում էր անկոչ թիկնապահների վրա գոռալով, ոտները գետնին զարնելով ու հայհոյելով հանդեսին միանգամայն անվայել խոսքերով։ Նրա ձայնը հրամայողական էր ու ազդու, քայլվածքը գոռոզ, դեր դեմքի արտահայտությունն սպառնալի, թանձր բեղերի և թավ հոնքերի շնորհիվ։ Մանուկները մի վայրկյան սարսափելով, ցրվում էին դեսուդեն և նորից կամացուկ ու անվստահ քայլերով մոտենում էին։
Վերջապես հանդեսը տուն հասավ, մռայլ դարպասի դռնակը բացվեց և փակվեց փողոցային մանուկների քթի առջև։
Հյուրերի համար Աթանեսի զոքանչը պատրաստել էր թերխաշ ձվեր, կարագ, մեղր, գաթա, սեր և քաղցր թեյի ու ռոմի խառնուրդ — մի ըմպելիք, որ տեղական բարբառով կոչվում էր «փունջ»։ Աթանեսը հագել էր իր պսակադրության համար կարված մետաքսյա արխալուղը, մեջքին կապել էր կապտագույն լայն գոտին, որի մի ծայրը հասնում էր գետնին։ Ինչե՜ր չէր երևակայում երջանիկ հայրը յոթօրյա ժառանգի վերաբերմամբ։ Վարդանը կմեծանա, կդառնա հոր ապավենը և աչալուրջ օգնականն ու ընկերը առևտրի մեջ, ինքն անձամբ ամեն տարի կգնա «Մակարիա» ապրանք բերելու, հազարներ կվաստակի, տներ ու քարվանսարաներ կշինի, կդառնա Զիլզիլ քաղաքի առաջին քաղաքացին, ամենքի նախանձի առարկան, մի խոսքով Ահրումյանի արժանավոր ժառանգը։