մասին, միակ նյութը, որ շարժեց Աթանեսի հետաքրքրությունը:
— Գիտես, Աթանես աղա,— շարունակեց Աբրահամ աղան, մի կումով դատարկելով փունջի երրորդ բաժակը,— այն օրից, որ ռուսը ոտք դրեց մեր կողմերը, աշխարհը փոխվեց, հին կարգերը տակն ու վրա եղան, նոր, ավելի լավ կարգեր առաջ եկան, ես իմ աստվածը։ Հիմա ուսում է հարկավոր, գիտություն, իմաստություն։ Ասելս այն է, որ որդուդ չպետք է անուսում թողնես, հաա՜, թե չէ, շատ կփոշմանես։ Հիմիկվա ժամանակը անուսում մարդը կես մարդ է, եթե ուզում ես, իսկի մարդ էլ չէ...
— Ուրեմն ես,— փորձեց հակառակել Աթանեսը, մի տեսակ վիրավորված համարելով իրեն...
— Խոսքս քո և իմ մասին չէ,— շտապեց ուղղել իր սխալը Աբրահամը,— մեր բանն ուրիշ է, մենք հին մարդիկ ենք, խոսքս մեր զավակների մասին է...
Այնուամենայնիվ Աթանեսն իրեն վիրավորված զգաց և սաստիկ փափագեց մի թունդ հիշոց արձակել, բայց հիշելով, որ դիմացինը Աբրահամ աղա Դալբաշյանն[1] է, բեղերի մեկը ծալեց և դրեց ատամների տակ։
— Աղա Աբրահամ,— մեջ մտավ տեր-Համբարձումը, մի նենգավոր հայացք ձգելով կնքահոր ուղարկած շաքարի վրա, որ ցցվել էր սենյակի մի անկյունում, կարծես տեր-հոր ախորժակը գրգռելու համար,— այս տարի շաքարի մազանդան ո՞նց է։
— Շատ բարձր...
— Բահ, ուրեմն ասա ինձ նման անճարներն էլ թեյ չպիտի խմեն, էլի՜։
Աթանեսը, իհարկե, հասկացավ տեր-հոր խորամանկ ակնարկը և մտքում ասաց, «վեր կենաս աներեսի միրուքը գզգզես, հաա՜...»:
Տեր-հայրը վերջին անգամ մկրտվածին երկար կյանք, առողջություն, հաջողություն, մեծ անուն, պատիվ, տոպրակներով ոսկի-արծաթ և այլ ու այլ բարիքներ մաղթելով «աջահամբյուրը» գրպանը դրեց ու դուրս գնաց, բավականին
- ↑ Մի տեղ Ալբաշյան է գրել: