Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողնում կապույտ հետքեր, մինչդեռ վագրի աչքերը շարունակ նայում էին մոր երեսին հանգիստ, անշարժ, որպես սառցի կտորներ։

Տասնումեկ ամսական հասակում Վարդանին ծծից կտրեցին։ Մի քիչ վաղաժամ էր, բայց գարնան օրերն էին, սպասվելիք շոգերի պատճառով հարկավոր էր մանկան ստամոքսն օր առաջ ընտելացնել արվեստական կերակրմանը։

— Փառք աստծո,— ասաց Գյուլումը,— հիմա մի քիչ ուժի կգամ։ Այս տղան կաթիս հետ արյունս էլ ծծեց։

— Տա աստված, այնպիսի տղա լինի, որ աշխարհի արյունը ծծե,— արտասանեց Աթանեսը։

— Մի՛ ասա, ա մարդ, մի՛ ասա, մարդիկ կարող են անիծել որդուդ։

— Ի՞նչ արժե մարդկանց անեծքը, եթե ատամներդ սուր են։ Գելն էլ է անիծում իրենից զորավոր վագրին, բայց վագրը թքել չի ուզում նրա վրա։ Այս աշխարհում միայն մի զորություն կա— ոսկին։ Եթե տանդ պատերը ոսկուց են, ոչ մի անեծք չի մտնի այնտեղ։ Թող անճարները կրճտեն իրենց ատամները, բախտը նրանց չի օգնիլ, եթե չունին սուր ճանկեր նրան որսալու։

— Այ, այդպես ես խոսում, որ ամենքը քեզ խոզ են անվանում,— համարձակվեց նկատել Գյուլումը։

— Ձայնդ կտրիր, աներե՛ս,— կատաղեց Աթանեսը,— տեսնում եմ, այն օրից, որ ինձ համար տղա ես ծնել, լեզուդ բացվել է, բայց ես նրան էլի կկապեմ։ «Խո՜զ», իհարկե խոզ եմ, ոչխար չեմ, որովհետև ոչ ոք չի կարողանում մի մազ պոկել իմ կաշվից։ Թող իմ որդին էլ խոզ լինի, միայն ամենքը գլուխ խոնարհեն նրա առաջ...

Երեք տարեկան հասակում Վարդանը կարմրաթուշ, կայտառ մանուկ էր, հյութալի շրթունքներով, հաստոսկոր, մազերը շիկավուն, ունքերը նույնպես։ Նրան թույլ էին տալիս տնից դուրս գալ իր քրոջ՝ Մարիամի հսկողությամբ, որ չորս տարով եղբորից մեծ լինելով կարող էր նրան հովանավորել և պաշտպանել չար մանուկների հալածանքներից։ Աղջիկը շալակում էր Վարդանին, տանում փողոց և ինքը նրա հետ խաղում, չթույլ տալով նրան միանալ փողոցային