գավթում։ Տեսչի կացարանի առջև զբոսնում էին երեք-չորս զույգ սագեր, մի քանի հավեր և մի հնդկահավ, գլուխը հպարտորեն վեր ցցած ինչպես ցարական մի չինովնիկ։ Մի քանի բադեր զվարճանում էին գետնի մեջ փորած ավազանում, կտցահարելով կեղտոտ ջրի երեսում լողացող փտած վարունգը և սեխի ու ձմերուկի կճեպները։ Տեսնելով անծանոթ դեմքեր, մի շնիկ կատաղի հաչոցով վազեց առաջ։ Աթանեսն իր կապայի երկայն թևերով փախցրեց անհյուրընկալ շնիկին, մտքում մի ազդու հիշոց ուղղելով նրա տիրոջ հասցեին։
Աշակերտներն անմիջապես շրջապատեցին նորեկին և սկսեցին նրան դիտել ոտքից մինչև գլուխ, առանձին ուշադրություն դարձնելով նրա ոսկեզօծ արծաթյա գոտիի և փայլուն կոշիկների վրա։
— Մարթին Բաղդանիչը չայ է խմում,— ասաց մի թուրք աշակերտ։
— Մարտին Բաղդանիչը ո՞վ է,— հարցրեց Աթանեսը։
— Տեսուչը։
— Լավ, իմացանք,— արտասանեց Աթանեսը և կապայի թևերը ուսերին գցելով, նստեց ուսումնարանի առջև դրած նստարանի վրա։ Աշակերտները նրա և Վարդանի առջև կազմեցին մի կիսաշրջան, մոռանալով իրենց վազվզոցն ու խաղը։ Այստեղ կային մի քանի ազգերի ու կրոնների մանուկներ, յուրաքանչյուրը հագնված իր ծնողների ճաշակով և նյութական կարողության համեմատ։ Ընդհանուր առմամբ մեծամասնությունը բաղկացած էր չքավորներից։
Հանկարծ Աթանեսի ուշադրությունը գրավեց շրջանից դուրս կանգնած մի տասը տարեկան մանուկ։
— Պզտիկ, ա՜յ պզտիկ,— ասաց նա,— մի առաջ եկ ոեխդ տեսնեմ։
Մանուկը մոտեցավ շփոթությունից արխալուղի թևը ատամներով կրծոտելով։
— Ադա՛, դու փալան կարող Օհանի թոռը չե՞ս, ցորեն ծախող ցընգռ Ասատուրի տղան։
— Այո՛,— պատասխանեց մանուկը ամաչելով իր հոր