Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմ, որ տեսնի չկա՞ արդյոք նրա վրա որևէ բիծ,— մեր քաղաքի սյուներից մեկն է, մեր պարտքն է նրա որդուն պատիվ ցույց տալ։ Ա կնիկ, երեխային մի բան տուր ուտելու։

Այդ մարդու սիրած զբաղմունքներից մեկն էր միշտ որևէ բանով հյուրասիրել իր որդու հասակակիցներին։

Ամեն երեկո իր արհեստանոցից տուն վերադառնալիս, փողոցում մանուկներին բաժանում էր զանազան մրգեղեն։ Եվ մանուկները սիրում էին նրան, այդ կլորիկ դեմքով, մի փոքրիկ ցցված այտերով, մեծ ու բարեհամբույր բերանով մարդուն, որի աչքերը, չնայելով իրենց քառասունամյա տարիքին, արտահայտում էին մանկական անմեղություն։ Նա ոչ միայն բարի էր, այլև համբերողամիտ․ կնոջ հետ վարվում էր մեղմ, զավակներին պաշտում էր և երբեք նրանց չէր ծեծում։ Նա գիտեր գրել-կարդալ, որովհետև քահանայի որդի էր։ Երեկոները ազատ ժամերին նա կարդում էր ավետարան կամ աստվածաշունչ, վանկ-վանկ, յուրաքանչյուր բառն առանձին շեշտելով, մերթ ընդ մերթ բառերի կիսում կամ տողավերջերում վերջակետ դնելով։ Մի բան, որ երբեմն Մինասին ծիծաղ էր պատճառում։

Ներս մտավ Մարտիրոսը և իսկույն հոգեկան պահանջ զգաց Վարդանին որևէ մարմնավոր ցավ պատճառելու, բոթելով կամ կմշտելով, մանավանդ երբ նրան տեսավ Կարապետի կողքին նստած։

Թագուհին մեջտեղ բերեց սերի գավաթը և սկուտեղի վրա մի ամբողջ թեժ հաց ձեռով կտրտած (դանակով կտրելը մեղք էր համարվում)։

— Ես էլ եմ ղայմաղ ուզում,— գոռաց նրա դուստրը, երեք տարեկան Հերիքնազը, սենյակի մի անկյունից։

Վարդանը նայեց այն կողմը և բարձրաձայն ծիծաղեց։ Հերիքնազը իր մեկուկես տարեկան եղբոր՝ Սամսոնի հետ միևնույն ափսեից մածուն էր ուտում։ Սամսոնի ձեռները, տակավին լավ ուսումնասիրած չլինելով ստամոքսի ճանապարհը, մածունը, նախքան բերանին մոտեցնելը, քսում էին քթին, ծնոտին, ականջներին, ճակատին։ Այժմ նա այնքան շաղախել էր իր կերպարանքը, որ ամբողջ դեմքից երևում էին միայն սաթի պես սև աչքերը։