Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարտիրոսը գոռաց, գունատվեց և փախավ թաքնվեց Կարապետի ետևում։

— Մի՛ վախենա, որդի, հրացանը դատարկ է,— ասաց զինագործը և շտապեց սոսկալի զենքը խլել Մկիչից։— Տղա չէ հո, կրակի կտոր է, քո հոր վիզը չկոտրվի․․․

Մկիչը բռնեց Մարտիրոսի տեղը և սկսեց արագ-արագ ոչնչացնել սերն ու կարագը։ Նախաճաշը ավարտելով, նա Կարապետին խնդրեց պատմել նշանավոր ավազակապետ Մոլլա-Ղանիի մասին, որ այն ժամանակները Զիլզիլ քաղաքը և ամբողջ գավառը ահաբեկել էր։ Կարապետը սիրում էր պատմել այդ ավազակապետի սխրագործությունները, երբեմն այնպիսի թանձր գույներով, որ ունկնդիրները սարսափում էին։

Մի վայրկյանում նրա շտւրջը կազմվեց մի խումբ, պատրաստ նրա պատմությունը կլանելու մեծ ախորժակով, ինչպես կլանեց սերն ու կարագը։

— Մոլլա-Ղանին, դուք եք աղաներս, ավազակ չէ, ազրայիլ է,— այսպես սկսեց զինեգործն իր պատմությունը, հազալուց հետո բեղերը շփելով։— Նորերս էլի մի երեսուն-քառասուն գլուխ կտրեց սոխի պես։

Այս առաջաբանից ամբողջ աուդիտորիայի մարմնով սարսուռ անցավ և բոլորը լարեցին իրենց լսելիքը, մանավանդ Մկիչը։

— Օրը մթնած-չմթնած Աբդուրահմանի քարվանը կանգ է առնում Շահ-դաղ սարի տակ, մի աղբյուրի մոտ,— շարունակեց Կարապետը, բռնելով բեղերից մեկը և նայելով նրա ծայրին։— Քսանհինգ ուղտի, երեսուն ձիու և ինը անգամ ինը էշի մեջքից բեռները վերցնում են։ Բեռները վերցնում են, ձիերին բաց են թողնում արածելու։ Աբդուրահմանը ծառաներին հրամայում է ոչխար մորթել, փլավ եփել։ Բրինձը լվացած-չլվացած հեռվից մի ձիավոր է երևում։ Աբդուրահմանը մատը կծում է, մտածելով․ «Այստեղ մի բան կա»։ Հրացանը վերցնում է ու առաջ գնում․ Առաջ է գնում ու գոռում․ «Ադա, ո՞վ է եկողը»։ Ձիավորը պատասխանում է՝ «Աստծու հյուրը»։ «Համեցեք, համեցե՛ք, աչքիս վրա տեղ ունիք», ասում է Աբդուրահմանը։ Ձիավորը ձիուց իջնում է։ «Քաղցած եմ, ասում