Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդանն ահից դողում էր և արդեն մտածում էր փախչելու մասին։ Մարտիրոսը շարունակ հայհոյում էր։

Հորթին հանձնելով իրենց ընկերներից մեկին, թուրքերը միահամուռ արշավեցին Մինասի վրա։ Բոլորը զինված էին թոնրում խանձած, ապակիով հղկած և յուղած փայտերով։ Մի քանիսը չուխաները հանել էին և թևերին փաթաթել որպես վահան։

Չնայելով վտանգին, Մինասը չփախավ, նա այնքան էր սիրում իր հորթին, որ պատրաստ էր մինչև մահ կռվել նրա համար։ Նա գունատ էր, աչքերը պսպղում էին ածխի վառ կտորների պես, նիհար կուրծքն ուռել էր, արյունը դադարել էր ճակտից հոսալ։ Նա մարմնավոր ցավ չէր զգում։ Նրա մեջքին, ուսերին, գլխին տեղացին փայտի հարվածներ։ Բայց մի քայլ անգամ չնահանջեց, նա թշնամիներից երկուսին շարքից դուրս գցեց փայտի երկու հաջող հարվածներով։ Նրա անվեհերությունը կրկնապատկեց թուրքերի կատաղությունը։

Վարդանն ու Մարտիրոսը հեռացել էին և բռնել ապահով դիրք, որպեսզի հարկ եղած րոպեին տմարդաբար փախչեին։ Մինասը բոլորովին մենակ էր և տակավին կարողանում էր դիմադրել, աջ ու ձախ պաշտպանվելով։ Վերջապես թուրքերը բռնեցին նրան, գլորեցին գետին և սկսեցին ոտնակոխ անել։ Խեղճ տղան ցավից ու հուսահատությունից ճչում էր և օգնություն աղաղակում, առանց թուրքերից կարեկցություն աղերսելու։ Նա պատրաստ էր սպանվել, բայց ստորանալ՝ երբե՛ք։

Հանկարծ բլրի ետևից հայտնվեց Մկիչն երկու հասակակիցների հետ։

— Ադա հուռռա՜, Մոլլա-Ղանին եկավ,— աղաղակեց նա թուրքերեն և հարձակվեց թշնամիների վրա։

Թուրքերը խուճապեցին, թողին Մինասին գետնի վրա կիսաշունչ։ Մկիչը իր ընկերների հետ հարվածները թափում էին նրանց գլխին կարկտի թափով, չթողնելով նրանց ուշքի գալ և պաշտպանողական դիրք բռնել։ Վարդանն ու Մարտիրոսը մի փոքր արիացան առաջ վազելու։ Այդ վայրկյանին Մինասն արդեն ոտքի էր կանգնել և նորեն զինվել էր փայտով։ Թուրքերը ելք գտնելով փախան, բայց հորթը դեռ նրանց ձեռքումն էր, Մինասի միակ հոգսը նրան ազատելն էր։