Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավ Աբրահամ աղան։ Այդ մարդը երբեք առանց որևէ կարևոր պատճառի չէր այցելում Աթանեսի տունը։ Այս անգամ, որքան կարողացավ նկատել Վարդանը, նրա դեմքն ուներ առանձին լրջություն ու խորհրդավորություն։ Աթանեսը ընդունեց նրան նկատելու չափ զուսպ և անմիջապես հրավիրեց առանձին սենյակ ու դռները փակեց։ Վարդանի համար պարզ էր, որ այդ այցելության նպատակը արտաքո կարգի է։

— Ես պիտի կանգնեմ դռների մոտ և ականջ դնեմ, տեսնեմ ի՞նչ են խոսելու,— ասաց նա մորը։

— Բայց զգույշ, եթե հայրդ տեսնե, կարող է քեզ խեղդել։ Ես նրանից վախենում եմ։

— Մի վախենար, չի տեսնի․․․

Այդ տասնուերեք տարեկան պատանու գլուխն անհամեմատ ավելի էր զբաղված հոր գործերով և նրա տրամադրությամբ, քան կարող էին երևակայել նրա ծնողները։

Սկզբում երկու վաճառականները խոսում էին հանդարտ, անվրդով, այնպես որ Վարդանը հույսը կտրեց մի բան լսելու, բայց շուտով նրանց ձայները բարձրացան։ Այն ժամանակ փոքրիկ լրտեսը լսեց հետևյալը․ —

— «Ես քեզ ասում եմ՝ մանեթին վեց շային լավ փող է, ստացիր ու ձայնդ քաշիր,— համոզում էր Աբրահամ աղան։

— «Մանեթին մանեթ, մի կոպեկ էլ պակաս չեմ վերցնի, հասկանո՞ւմ ես։ Այնքանն էլ բավական է քեզ, որ տոկոսից ձեռք եմ վերցնում։

— «Չունեմ, այ մարդ չունեմ, լսում ես թե չէ։

— «Ունես ու շատ լավ ունես։ Դու կարծում ես, ես բան չե՞մ հասկանում։ Մի երկու տարի Մարոզովին օրինավոր վճարելով, կրեդիտ ես ձեռք բերել, մարդը հավատացել է քեզ, անցյալ տարվանից երկու անգամ ավելի է ապրանք բաց թողել։ Հիմա քեզ սնանկ ես հրատարակում, մարդու ապրանքը տակովդ ես անում, ուզում ես մանեթին քսան կոպեկով ազատվել։ Արա, ես ինչ եմ ասում, դա քո խղճի գործն է, բայց իմ փողերը մի՛ կլանիր, ամոթ է, աստված ճանաչիր, խիղճ ունեցիր։