վրա, անիմաստ աչքերն առաստաղին հառած չի խոսում, չի շարժվում, չի հառաչում անգամ։
Ուստա Պողոսն անմիջապես սկսեց գործադրել իր գիտությունը։ նախ և առաջ նա Օսմանի օգնությամբ հիվանդին շուռ տվեց երեսի վրա ու մեջքը բաց արավ։ Բամբակը թաթախելով սպիրտի մեջ, վառեց և, պահելով թիկունքների մեջտեղում, կավե բաժակը գլխիվայր դրռց վրեն։ Կատարելով այս գործողությունը մի քանի անգամ հիվանդի մեջքի զանազան կողմերում, նա վերցրեց ածելին և սկսեց անխնա կտրատել ուռուցքները։ Հետո հիվանդին շուռ տվեց, կողքի վրա և նրա կոկորդին կպցրեց տասնուհինգ տզրուկներ և թույլ տվեց, որ ծծեն Աթանեսի հիսնամյա արյունը: Քառորդ ժամում տզրուկները այնքան կշտացան, որ ուռան, կլորացան ու մեկիկ-մեկիկ պոկվելով, հասուն խարթութի պես, գլորվեցին հիվանդի թավամազ կրծքի վրա։
Հիվանդն իր հայացքը դարձրեց դեպի կինը։ Եվ այդ հայացքը արտահայտեց այնպիսի խորը տանջանք, որ Գյուլումի սիրտն սկսեց մորմոքվել։ Պարզ էր, որ թշվառն զգում էր իր վիճակի վտանգավորությունը ու ավելի տանջվում, որ անկարող է զգացածն ու ցանկացածն արտահայտել։
Գյուլումը նայում էր ամուսնուն դառը վշտակցությամբ և գլուխն անզոր երերում։ Քսան տարի կենակցել էր այդ մարդու հետ, քսան տարի շարունակ գտնվել էր նրա պողպատյա բռնակալության տակ, որպես վաճառված ստրկուհի, ճանաչել էր միայն և միայն նրա կամքը, հպատակվել էր միայն և միայն նրա եսին, միշտ աշխատելով խեղդել իր մեջ իր կամքը, իր ցանկությունները, իր միտքն ու հոգին։ Եվ ահա այժմ, երբ հարկավոր էր փոքր ի շատե ինքնուրույնություն, ինքն իրեն կորցրել էր և շվարած նայում էր բռնակալի երեսին, դարձյալ նրա բերնից սպասելով հրամաններ։ Երբեք նա բախտավոր չէր եղել այդ մարդու հետ, երբեք, նույնիսկ առաջին ամիսներին իր ամուսնության, բայց և երբեք չէր երևակայել, թե կարող է բախտավորվել, նրանից զրկվելով։ Երկար տարիների կենակցությամբ ամրացած սովորույթը նրա մեջ բռնել էր ամուսնական սիրո կամ հարգանքի