Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Համեմատաբար ավելի եռանդ էր ցույց տալիս Մարիամը։ Նա փոխում էր հիվանդի կրծքի կոմպրեսը և յուրաքանչյուր ժամ ճշտությամբ դեղը գդալով ածում նրա բերանը, դժվարությամբ բանալով սեղմված շրթունքները։ Մերթ ընդ մերթ ուղղում էր հիվանդի բարձը, վերմակը, կարծելով կամ ցույց տալով, թե դրանով թեթևացնում է նրա դրությունը։ Նա ձգտում էր թշվառի աչքերի մեջ կարդալ նրա ցանկությունը, և իզո՜ւր։ Միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել մորը, ոչինչ, կանցնի, կառողջանա։ Գյուլումը թերահավատությամբ շարժում էր գլուխը. նա երեխա՞ է, չգիտե՞, խելք չունի՞, մարդու լեզուն կապվել է, «դամլա» է։

Երեկոյան, վերջապես համարձակվեցին այցելության գալ Գյուլումի քույրերն իրենց ամուսինների հետ, նաև հարևաններից ոմանք և անօգուտ հարցերով ու կեղծ ախ ու վախերով կրկնապատկեցին Գյուլումի տառապանքը։ Մեկը մինչև անգամ անքաղաքավարություն ունեցավ հետաքրքրրվելու Աթանեսի ունեցած կարողությամբ. արդյոք նրա մահից հետո, այրին ու որբը մի բան կժառանգե՞ն։ Տեր աստված, Գյուլումը ոչինչ չգիտե, թողեք լուռ արտասվի ու տանջվի, նա միայն այս կարող է անել։

Դրացի կանանցից մեկը պնդում էր, թե Աթանեսին չար ոգիներն են կապկպել, հարկավոր է կախարդ կանչել, միայն նա կարող է բուժել թշվառին։

Այս առաջարկությունը շարժեց ներկա եղողներից միայն մեկի ծիծաղը։ Դա Գյուլումի կրտսեր քրոջ Զառիկի ամուսինն էր — Դավիթ Դանիելյանը, մի վերին աստիճանի ջերմեռանդ լյութերական։

— Քույր Շուշան,— ասաց նա չար ոգիների մասին խոսողին,— մեղք ես գործում, մեծ մեղք։ Մեր ամենքի կյանքն ու մահը Հիսուսի ձեռքին է։ Աղոթք արա, քույր Գյուլում, մենք ամենքս միայն աղոթքով կարող ենք փրկվել։ «Տեր, օրհնիր մեզ»,— աղոթեց նա ինքը, ձեռները իրարու կցելով, գլուխը թեքելով դեպի ուսը և աչքերը վեր ուղղելով,— «տեր, ներիր Աթանես եղբոր մեղքերը»։

Ապա դառնալով հիվանդին, ավելացրեց․

— Եղբայր Աթանես, աղոթք արա մտքումդ,— Եհովան