Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավարտել էր և, այժմ օգնում էր հորը առևտրական գործերում, երկրորդը Դանիելն էր, նա, որ ուսումնարանում ասաց Վարդանին, թե երջանիկ հրեայի անունը Ուոշիդ չէ, այլ Ռոդշիլդ, երրորդ որդին, Սամվելը տասը տարեկան մանուկ էր։

Նայելով լուսամուտներին, Վարդանը երևակայեց ամբողջ ընտանիքը սեղանի շուրջը նստած հանգիստ ընթրելիս։ Նրա ոխը գրգռվեց, մանավանդ դեպի իր հասակակիցները։ Նրա գլխում ծագեց մի չար միտք — վրիժառության մի սոսկալի միջոց։ Ուշ գիշերին կոտրել ներքին հարկի լուսամուտները, թափել ներս ֆոտոգեն և վառել։ Անշուշտ, այնտեղ է դարսված Մառոզովի մանուֆակտուրային ապրանքը։ Քանի մի րոպեում կրակը կգրավի ամբարանոցը, հետո կանցնի վերին հարկը տնեցիների քնած պահին, և Աբրահամ աղան կայրվի իր ամբողջ ընտանիքի ու ամբողջ հարստության հետ։ Եվ ոչ միայն նա, այլև Իսրայելն իր ընտանիքով, որ բնակվում է տան ներսի կողմում։ Ի՜նչ հիանալի միտք։ Բայց ո՞վ կարող է իրագործել այդ միտքը։ Ի՞նքը, Վարդա՞նը։ Օ, ոչ, վտանգավոր է։ Գուցե Օսմա՞նը։ Ոչ, նա հիմար լեզգի է, բացի դաշույնից վրիժառության ուրիշ գործիք չի ճանաչում։

— Ախ, որտե՞ղ է Մկիչը,— շշնջաց Վարդանը շարունակելով մտածել լսելի ձայնով,— նա անվախ տղա է, նա ճարպիկ է, կարող է անել։

— Ի՞նչ անել, ի՞նչ ես խոսում, Վարդան,— հարցրեց Մինասը զարմացած,— գնանք, ինչո՞ւ կանգնեցիր, հայրդ կարող է մեռնել առանց սուրբ հաղորդության։

— Կորիր, դու լավ ընկեր չես, վախկոտ ես։

Նա շարունակեց ուղին, բայց մի քանի քայլ անցած դարձյալ կանգ առավ։ Թեքվեց և գետնից վերցրեց մի բռունցքաչափ քար, և առաջարկելով Մինասին, ասաց.

— Վերցրու, Մինաս, դու ինձնից լավ քար գցող ես, փորձիր, կարո՞ղ ես այն մեջտեղի լուսամուտին խփել։

— Ինչո՞ւ խփեմ։

— Հենց այնպես, խնդրում եմ։