Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգամ, երբեմն տևելով երկու-երեք օր, քաղաքի «հոգատար» իշխանությունը հնարել էր մի տարօրինակ միջոց չարիքի դեմ պաշտպանվելու համար։ Տարվա չոր ամիսներին նա շաբաթը մի անգամ փողոցները թրջում էր սև նավթով։ Մի բան, որ ավելի էր թանձրացնում քաղաքի մռայլությունը, տալով նրան սևազգեստ սգավորի տեսք։

Ծովը, որ իր կոչմամբ իբրև թե պիտի գեղեցկացներ տեսարանը և օդը մաքրեր, ինքը նույնպես դարձել էր ափերի մոտ ապականության վայր։ Քամին հարավից փչելիս բերում էր նավերից թափվող սև նավթը հազար ու մի աղտեղությունների և Պարսկաստանից եկող հիվանդությունների հետ։

Քաղաքի միակ զբոսավայրը ծովափնյա փողոցն էր ու նրա ծայրում կուչ եկած փոքրիկ պարտեզը, որի վտիտ ծառերը հիշեցնում էին անոթությունից հյուծված մուրացիկների։ Օրը մինչև երեկո այնտեղ դեղերում էին գործ գտնելու համար Անդրկովկասի զանազան կողմերից եկած գաղթականներ, պես-պես բախտախնդիրների, գողերի ու ավազակների հետ։ Կային և այնպիսիները, որոնք պատրաստ էին որոշ վարձատրությամբ դաշույնի մի հարվածով օրը ցերեկով թռցնել մեկի կամ մյուսի գլուխը։ Այդպիսիների ժամադրավայրն էր ծովափի մի անկյունում տեղավորված մի թրքական թեյարան, որի գոյությունը հայտնի էր ոստիկանությանը և որը ոչ մի իշխանությունից երկյուղ չուներ։

Ամառվա ամիսներին շաբաթը երկու երեկո պարտեզում նվագում էր սահմանապահ փոքրիկ ռազմանավի նավաստիներից բաղկացած մի երաժիշտախումբ։ Դա էր ցերեկվա ծանր աշխատանքից ուժասպառ ու երեկոյան հեղձուցիչ տոթից տառապող քաղաքացիների միակ զբոսանքը։ Այդ պարտեզն էր գլխավոր ժամադրավայրը Վոլգայի ափերից եկած հանրային կանանց և հարյուրավոր պատանիների ու երիտասարդների կործանիչ հիվանդությունների աղբյուրը։

Այս էր այն ժամանակվա Բաքուն, երբ Վարդան Ահրումյանն եկավ այնտեղ։

Սարգիս Հախվերդյանն արդեն բաց էր արել ծրագրած մաղազինը, և մոտ կես տարի էր նրա գործերը ստացել էին