ժամանակ, երբ այդ մնացորդն էլ բանի պետք կգա, թե դա ահագին հարստություն է, որ այժմ զուր փչացվում է:
— Դու ի՞նչ գիտես, թե այդպես պիտի լինի,— հարցրեց Վարդանը։
— Լրագրում եմ կարդացել,— պատասխանեց Ջումշուդը հպարտությամբ։— Գիտես, դու էլ լավ կանես, եթե ամեն օր կարդաս այդ լրագիրը։ Նա նոր է սկսել հրատարակվել։ Ասում են նրա խմբագիրը Պետերբուրգից եկած մի գիտնական է։ Կարդա՛, փառք աստուծո, ոռւսերեն ինձնից լավ գիտես, կարդա՛ ու բան սովորիր։
Այդ օրը երեկոյան Վարդանն արժանացավ իր մորեղբոր հանդիմանությանը։ Ներել չէր կարող, որ իր քեռորդին գործարանների նավթի ու մուրի մեջ կեղտոտել է իր ամառային սպիտակ հագուստը։
— Ի՜նչ գործ ունես նավթի հետ, որ գնում ես։ Մեր գործը մեր առևտուրն է, նավթից ի՞նչ խեր կա, բացի կեղտոտվելուց։
Վարդանը մտքով համաձայն չէր իր քեռու կարծիքին։ Նա բնազդաբար զգում էր, որ նավթի հետ գործ ունենալը ավելի շահավետ է և ավելի պատվաբեր։ Արդեն հանքատերերի և գործարանատերերի սեփական կառք ունենալը նրա համար կենդանի ապացույց էր, որ լավ է լինել արդյունաբերող կամ գործարանատեր, քան խանութպան։
Մի ուրիշ կիրակի Վարդանը մորեղբորից թաքուն, դարձյալ Ջումշուդի ուղեկցությամբ, գնաց հանքերը։ Այդ անգամ ճամփան երկար էր։ Ջումշուդը առաջարկեց կառքով գնալ և հանձն առավ իր գրպանից վճարել կառքի վարձը։ Նա իր հաշիվն ուներ — լավ գիտնալով, որ վաղը մյուս օրը Վարդանը դառնալու է իր տերը, որոշել էր կանխավ կաշառել նրան։ Բայց Վարդանն իր մտքում այլ կերպ բացատրեց իր պաշտոնակցի առատաձեռնությունը։ Նա մտածեց, որ ամսական քսանուհինգ ռուբլի ստացող մի գործակատար չի կարող հեշտությամբ տասը ռուբլի կառքի տալ, եթե նա մի ուրիշ եկամուտ չունի։ «Երևի գողանում է», ասաց ինքն իրան և որոշեց այսուհետև հսկել Ջումշուդին խանութում։ Մարդկանց անկեղծությանը և ազնվությանը կասկածով վերաբերվելու