Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գայլ էր ոչխարի մորթով, բառիս իսկական իմաստով, միայն կուշտ գայլ։

Ճշմարիտ է, մեկ-մեկ Աթանես Ահրումյանի հանկարծահաս մահը մտաբերելիս, Աբրահամ աղայի տրամադրությունը դառնանում էր և դեմքը մի քիչ այլայլվում, բայց ի՞նչ նշանակություն ունի ամառվա կիզիչ արևի համար անցողիկ ամպի մի կտոր։ Բավական էր, որ նա մտքում կրկներ իր սովորական մեղեդին— «այս փուչ աշխարհում ո՞վ չի զրկում սրան կամ նրան»— և իսկույն նորեն վերադառնում էր նրա հոգու անդորրությունը։

Մի անգամ Աբրահամ աղան, ծովափում զբոսնելիս, հանդիպեց յուր ողբացյալ բարեկամի որդուն, Վարդան Ահրումյանին և ճանաչեց։ Մի վայրկյան նրա մեջ ցանկություն ծագեց բարևել նրան, հետը խոսել, «հայրաբար» հարցնել նրա առողջության, նրա մոր, նրա գործերի մասին, բայց Վարդանն այնպիսի մի կատաղի դեմք ցույց տվեց, որ մարդու լեզուն կաշկանդվեց։ Բացի այդ, նա ամենայն պարզությամբ լսեց Վարդանի մի ծայր աստիճան լկտի հայհոյանքը՝ «քո սպիտակած միրուքը ես կներկեմ իմ...» և այլն... Մի ուրիշ օր Աբրահամ աղան դարձյալ հանդիպեց իր ոխերիմ թշնամուն, այս անգամ հասարակական պարտեզում և իր մորեղբոր հետ։ Նա կամեցավ մի կերպ խույս տալ, չհաջողվեց։ Վարդանը նրա մոտով անցնելիս արտասանեց մի ուրիշ նույնչափ կեղտոտ հայհոյանք։

Աբրահամ աղային թվաց, որ նա մինչև անգամ կամեցավ հարձակվել իր վրա, բայց մորեղբայրը չթողեց։ Այնուհետև նա սկսեց լրջորեն վախենալ Վարդանից և որոշեց երբեք չզբոսնել այն վայրերում, ուր կարող էր հանդիպել նրան։ Բայց և այնպես թշնամու կատաղի հայացքն ու նրա անպատկառ հայհոյանքը նրա հանգստությունը մի աստիճան ավրել էին և նա այժմ կամա-ակամա մտածում էր իր անցյալ վարմունքի մասին, իր բարեկամի վերաբերմամբ։ Սակայն սխալ կլիներ կարծել, թե դա մի տեսակ զղջում էր կամ խղճի արթնացում։ Քավլիցի։ Արդեն ժամանակը կատարել էր իր գործը, առ միշտ սպանելով նրա սրտում զղջման զգացումը։ Այժմ նրա տեղը գրավեց ֆիզիկական երկյուղը։