Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աբրահամ աղան իր բարեկամին կողոպտելուց հետո խայտառակությամբ դուրս վանեց նրան իր տնից։

— Թողեք, որ ես էլ իմն ասեմ,— մեջ մտավ տիկին Հոիփսիմեն ընդատելով իր որդու և ամուսնու վիճաբանությունը։— Ականջ դիր, Արշակ, ագահությունը լավ բան չէ։ Նա մարդուն ստիպում է սխալներ անել և դրանով զրկում է նրան հոգեկան հանգստությունից։ Բավականացիր նրանով, ինչ որ ճակատագիրը տալիս է քեզ և նոր փորձանք մի ստեղծիր մեզ համար։ Ես ժամանակին մի անգամ այս բանն ասացի հորդ, նա բերանս փակեց, էլ չխոսեցի։ Այն օրից ես մի տեսակ անհանգստություն ունեմ և օր չի անցնում, որ չմտածեմ, թե վաղ թե ուշ մեզ մի դժբախտություն է պատահելու։

— Լավ, հասկացա ինչ ես ուզում ասել,— ընդհատեց կնոջ խոսքը Աբրահամ աղան հրամայողական եղանակով։— Մի՛ մոռնար, որ այսօր իմ խանութի ճակատին քո անունն է դրված, ուրեմն դու էլ իմ մեղքի մեջ բաժին ունես, եթե, իհարկե, իմ արածը մեղք է։

— Ախ, աստված, շատ խնդրեցի, շատ աղաչեցի իմ անունը չգրել, դու չլսեցիր, ես ի՞նչ կարող էի անել։ Բացի դրանից, ես մտածեցի՝ ինչ կա, քանի որ որդիներս այդ գործի մեջ են մտնում, թող ես էլ մտնեմ։

— Մայրիկ,— ասաց Արշակը,— մի՞թե քեզ համար անպատվություն է տեսնել անունդ մեր խանութի ճակատին։

— Ոչ, որդի, այդ չէ, դու միտքս լավ չհասկացար։ Խոսքս, պատվի կամ անպատվության մասին չէ։ Ես չգիտեմ ինչպես բացատրեմ միտքս։ Ուզում եմ ասել, որ այն օրից, երբ հայրդ Աթանես Ահրումյանին իր տնից դուրս արավ դատարկ ձեռքով, և մարդը հանկարծամահ եղավ, ես մի տեսակ չար երազի մեջ եմ։ Ինձ թվում է, որ էլի լավ կլիներ հորդ խանութի ճակատին միայն նրա անունը լիներ գրված և միայն ինքը լիներ պատասխանատու իր արածի համար։

— Բայց դու ի՞նչ պատասխանատվությունից ես վախենում, ասա, ի՞նչ,— գոչեց Աբրահամ աղան, ձեռը զարկելով սեղանին։

— Չգիտեմ, չեմ կարող ասել։ Մի քիչ առաջ, երբ դու