Դանիելը իր տարիքին ոչ համապատասխան սառնասրտությամբ և անցավ առանձին սենյակը, ուր նա տեղավորվել էր իր կրտսեր եղբոր, Սամվելի հետ։
Այն բոլորն, ինչ որ նա ասաց այդ կարճ վիճաբանության ընթացքում, կատարյալ նորություն էր Արշակի համար և միանգամայն անսպասելի նորություն։ Մինչև այդ երեկո նա բնավ չէր հետաքրքրվել Դանիելի տրամադրությամբ և առհասարակ չէր զբաղվել նրա հոգեբանությամբ։ Նա ենթադրել էր, որ Դանիելն իր հոր կեղծ սնանկության վերաբերմամբ ավելի ներողամիտ է, քան ինքը, կամ կատարյալ հավանություն է տալիս նրան։ Այժմ տեսնում էր, որ Դանիելը պարզապես պարսավում է իր հոր արարքը և այն էլ պարսավում է ոչ նրա նյութական արդյունքի փոքրության պատճառով, այլ ուղղակի բարոյական տեսակետից։ Անհատական աշխարհայեցողությունների այդ խստորոշ տարբերությունը նորություն լինելով հանդերձ նվաստացուցիչ էր Արշակի համար։ Եվ նա զգաց այս բանն ու ինքն իրան խոստովանեց։ Հարկավոր էր մի տեսակ արդարացում իր համար, մի տեսակ հանգստություն հոգու խորքում վայրկենաբար առկայծյալ խղճի համար։ Եվ նա գտավ այդ հանգստությունը, ինքն իրան ասելով․ «Դանիելը պատանի է, նրա գլուխը դեռ տհաս է, կմեծանա, նա էլ ինձ պես կմտածե»։
Մի քանի օր անցած Դանիելը տնից փախավ, անհայտացավ: Մի շաբաթ նրան փնտրեցին, չգտան։