Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ բան կլինի։ Հերոսներից մեկը դառնալու է գեներալ, մյուսը՝ արդյունաբերող, երրորդը՝ հոգևորական։ Նպատակ ունեի այդպիսով ընդգրկել մեր կյանքի մի քանի կարևոր ասպարեզներ իր ուժեղ դեմքերով» («Սովետական գրականություն», 1958 թ․․ № 11, էջ 65)։

Սակայն իր այդ երկին Շիրվանզադեն վերադարձավ միայն 30 տարի հետո։ 1932 թվականին նա հիմնավորապես մշակեց «Վարդան Ահրումյանի» լույս տեսած առաջին մասը։ Հեղինակը կատարել է բազմաթիվ լեզվական-ոճական փոփոխություններ, հավելումներ, կրճատումներ, խտացրել է գլուխները, փոխել է հերոսի անունը (Բաղդասար Ահրումյան,— դարձել է Աթանես Ահրումյան)։ Բացի այդ, հեղինակը գրել է երկու նոր գլուխ, որոնք ամբողջապես տպագրվել են 1933 թվականին «Վերելքի» № 2-ում, իսկ մի գլուխը՝ «Հին Բաբուն», վերնագրով Բաքվի «Կոմունիստ»-ում (1933 թ․․115, 117-ում)։

Նոր գլուխները ցույց են տալիս, թե ինչ ընթացք պետք է ունենար վեպը, իրոք այն ենթադրում էր լայն ընդգրկում, հայ բուրժուական կյանքի, հասարակության տարբեր խավերի և արդյունաբերական բուրժուազիայի գործի ու շահատակությունների պատկերումը, բայց դժբախտաբար, գործը նորից կիսատ մնաց, արդեն ծերունի արվեստագետը չկարողացավ մինչև վերջ իրագործել իր մեծ հղացումը։

«Վարդան Ահրումյանի» այս վարիանտը, ինչպես ցույց է տալիս Հայաստանի Պետական Գրական թանգարանի մեքենագիր և հեղինակի ձեռքով նայված օրինակը, պատրաստվել էր տպագրության համար։ Ըստ երևույթին հեղինակը նպատակ ուներ այն տեղավորել իր երկերի մի հատորյակում, որ պետք է լույս տեսներ 1934 թ., բայց այն շատ ուշացավ և հրապարակ եկավ միայն հեղինակի մահից հետո, 1939 թ․՝ առանց «Վարդան Ահրումյանի»։ Մեր այս ասածը հաստատում է նաև գրականագետ Ռ. Զարյանը, որ եղել է Շիրվանզադեի միհատորյակի կազմողը։ Տարբերությունները այնքան շատ են, որ հարկ չենք համարում օրինակներ բերել։ Իհարկե, կան փոփոխություններ, հավելումներ ու կրճատումներ, որոնք թվում է, ոչ միայն չեն գերազանցում առաջին վարիանտին, այլև զիջում են։ Բայց ընդհանուր առմամբ մշակված օրինակը մի նոր ավելի բարձր որակ է, ուշագրավ՝ գրական վարպետության, լեզվի և ոճի հղկման իմաստով և արժեքավոր՝ իր գրական հատկանիշներով։

Այս հատորում առաջին անգամ տպագրվում է «Վարդան Ահրումյանի» նոր, ավելի ամբողջական տեքստը։ Հիմք է ընդունված Սովետական գրականություն» ամսագրի 1958 թ․ № 11-ում տպագրված տեքստը, որը համեմատված է Հայկական Պետական թանգարանում գտնվող հեղինակային ձեռագրերի հետ։

ՀՐ. ԹԱՄՐԱԶՅԱՆ