ուր հինգ-վեց մարդ առանձնացած տաք-տաք վիճաբանում էին ինչ-որ բանի մասին։
— Քաղցած փորը մարդու գլխին զոռ է տալիս,— ասաց Գրիշան։
Նրանք մտան շատ պայծառ լուսավորված ընդարձակ սենյակ, ուր երկայն սեղանի քով մի խումբ մարդիկ լրագիրներ էին կարդում։
— Մեր տեղական պոլիտիկոսներն են,— ասաց Գրիշան:
Հետևյալ սենյակները լիքն էին թուղթ խաղացողներով։ Կավիճի փոշին, ծխախոտի ծուխը, շնչառությունների գոլորշին օդի մեջ գոյացրել էին մի տեսակ մանիշակագույն մշուշ, որի միջով հազիվ-հազ երևում էին կարմրած երեսները, ճարպոտ աչքերը և մեկը մյուսից հաստ ու պարարտ փորերը։ Ոմանք թե՛ խաղում էին և թե՛ առևտուր անում։ Այս ու այն կողմից լսվում էին հանքային ջրերի բացվող շշերի պայթոցները։ Նորաբողբոջ բուրժուազիան կուշտ ճաշից հետո իր ճարպոտ որովայնը զովացնում էր, թառանչելով ու բղկոց տալով։
Վերջին սենյակում բիլիարդ էին խաղում։ Այստեղ էին Մելքոնն ու Մովսեսը։
— Գալուստդ բարի, սգավոր,— ասաց Մելքոնը Սմբատին, թեքվելով, որ գնդակին զարկե։
— Իշալլա՛հ,— արտասանեց քնահարբ Մովսեսը, կիի ծայրը դանդաղորեն կավիճելով։—Կռամբոլ... հայ աթասինի...
— Դե լավ, վերջացրեք, արդեն տասը ժամն է, — գոչեց Գրիշան անհամբեր։
Գնդախաղը վերջացավ։ Սմբատը, Մելքոնն ու Մովսեսն անմիջապես ուղևորվեցին Քյազիմ-բեգի տունը, իսկ Գրիշան գնաց թատրոն, ասելով.
— Գնամ գեղեցկուհիներիս հսկելու, որ ուրիշները չփախցնեն։
Թատրոն կոչվածը մի քառանկյունի անոճ ու անճաշակ սրահ էր, նման շտեմարանի։ Մտնելով մի նեղ անցք, Գրիշան վերարկուն շպրտեց առաջ վազող հանդերձապահին և