Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կարաո՜ւլ, оգնեցե՛ք, կարաո՜ւլ,— գոռում էր խորային երգչուհին։

Բայց Քյազիմ-բեգը խելքը կորցրել էր։ Ոմանք խնդրեցին նրան` թողնել իր մտադրությունը, թեև ներքուստ բոլորն էլ փափագում էին ճաշակել տեսարանի արյունահույզ հաճույքը։

— Քրիստոնյանե՛ր, ազատեցե՛ք ինձ,— գոռում էր հրեուհին իր քայքայված, անախորժ ձայնով։

Սպան հեռվում կանգնած, բեղերը ոլորում էր. այ, դա քեֆ է, Մոսկվայումն էլ այդ անում են։

Դժվար էր Քյազիմ-բեգից խլել երգչուհուն։ Նա արդեն մերկացնում էր խեղճին, հրամայելով սպասավորներին շամպանիայի շշեր դատարկել լողարանի մեջ։

Հարգանքը դեպի կնոջ ամոթխածությունը և սպառնալի տեսարանի այլանդակությունն ստիպեցին Սմբատին միջամտել։ Նա խնդրեց Գրիշային թույլ չտալ երգչուհուն լողարանի մեջ ձգելու։ Երկու տարի առաջ, Գրիշան ինքն էր տվել առաջին օրինակը։ Այն ժամանակ նա անառականոցում գարեջրի մեջ լողացրեց մի պոռնիկ, որ հետո հիվանդացավ և քիչ էր մնում մեռներ թոքերի բորբոքումից։

— Դու չե՞ս ուզում տեսնել,— հարցրեց նա Սմբատին։

— Ո՛չ, այդ վայրենություն է, տգեղ, անճոռնի։

— Բայց Քյազիմ-բեգը քեզ համար է անում այդ։

— Ես չեմ ուզում, ես զզվում եմ,— գոչեց Սմբատը, գրգռվելով։ — Եթե վախենում ես Քյազիմից, հույսդ դիր իմ օգնության վրա։

Գրիշայի անձնասիրությունը խոցոտվեց. ի՜նչ, նա վախենա որևէ մեկից։ Բայց այդ կինը խեղճ չէ, նա ինքն ուրախ է լողալ շամպանիայի մեջ, միայն կոտրատվում է` իրեն թանկ վաճառելու համար։

— Մի՛ թույլ տուր, խնդրում եմ,— պնդեց Սմբատը։

— Լա՛վ։

Գրիշան մոտեցավ Քյազիմ-բեգին, ձեռը դրեց նրա ուսի վրա և ասաց թուրքերեն։

— Քյազիմ, թո՛ղ այդ կնոջը, բավական է: