Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ է, բավական է, ձեռ քաշիր, ամաչի՛ր երեխեքից,— հակառակեց կրկին Մարիա Իվանովնան, երբ Կարլ Մարկիչը կամեցավ համբուրել նրան։

— Ումի՞ց ամաչեմ, Արտեմի՞ց, հե՛յ, սպասի՛ր, նա էլ ժենիյտցա կլինի, էն վախտը կիմանա, թե ինչ քաղցր բան է սուպրուգան։ Տեսա՞ր, Մարիա, ինչ լավ խոզյային ունիմ, պրոստո զոլոտո։ Ինձ շատ է ուվաժայտ անում, ամեն կիրակի կոֆեով ուգաստյիտ է անում, մի խոսքով, շատ լավ խոզյային է։ Հենց այս մոտերս ինձ զավոդի ուպրավլյայուշչի շինեց։ Կատյա, քե՞զ ինչպես դուր եկավ Պետր Ստեփանիչը, շատ լյուբեզնի տղա է, չէ՞,— դարձավ Կարլ Մարկիչն աղջկան, որն այդ ժամանակ թեյ էր ածում։

Կատերինա Կարլովնան ոչինչ չպատասխանեց։

— Շատ լավ մարդ է երևում,— պատասխանեցին նրա փոխարեն միաբերան մայր և որդի։

— Շատ օբրազովաննի տղա է,— շարունակեց գովաբանել Կարլ Մարկիչը։ — Քանի տարի է Ռուսիայում պուտեշեստվովայտ է անում, ռսերեն խոսում է մոսկվիչի պես, քո քեֆն էլ կգա, Կատյա ջան։ Ամեն ջուռայի գազեթներ է կարդում, իրան նման պրեֆերանս խաղացող չիմանաս կլուբում։ Պրեֆերանսը օբրազովաննի խաղ է, Մարիա, ուրիշ բան չմտածես, ամեն մարդ չի կարողանում խաղալ: Բարիշնաների համար այն տեսակ կավալերության է անում, այն տեսակ նեժնի խոսում է, որ հենց իմանաս ախտյոր իլի։ Օօ՛о՛, չէ, շատ աղավարի, շատ աբրազովաննի տղա է։ Ես զարմանում եմ, որ Կավկազում այդպես տղա եմ տեսնում, էնդուր որ Կավկազը դիկիյ է, մեր կողմերի պես ցիվիլիզովաննի չէ։ Ամա դու, Կատյա ջան, նրա հետ դելիկատնի պոստուպիտցա չիլար հա՛ա, էտի, իմանում ես, լավ չի հա՛ա։

— Ինչպես հարկն էր, այնպես վարվեցի, խո քեզ պես մինչև փողոց ճանապարհ չէի դնելու,— ընդհատեց նրան Կատերինա Կարլովնան բավական սառն ու խիստ եղանակով։

— Օ՛հո՛, ինչ ես ասո՞ւմ; Ես պարտավոր եմ նրա հետ լյուբեզնի լինել, էնդուր որ ես նրա պոդչինյոննին եմ, նա իմ խոզյայինն է,— տաքացավ Կարլ Մարկիչը, փողպատն ուղղելով