Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան, բոլորն էլ հարուստներ, իսկ գեղեցիկ, լուսավորված և շնորհքով աղջկերք — շատ քիչ։ Սրա պատճառն այն է, ասաց Կարլ Մարկիչը, որ Կովկասը դեռ «դիկիյ սարանա» է, կանայք մեծ մասամբ չարսավի մեջ փաթաթված են, «օբրոզովայտցա» չեն եղել և այլն։ Ի վերջո Կարլ Մարկիչի երևակայությունը այնքան բորբոքվեց Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, որ նա վստահացավ մի հանդուգն հույս ևս արտահայտել: Բայց իսկույն շտապեց ավելացնել, որ այդ հուսո իրագործումը կախված է Կատերինա Կարլովնայից, թե ինչպես սա իրան ցույց կտա և ինչպես կվարվի Պետր Ստեփանիչի հետ և թե վերջինն ինչպես կնայի Կատյայի վրա... Պատվիրեց Մարիա Իվանովնային, որ Պետր Ստեփանիչին միշտ պատվով և հարգանքով ընդունի և ամեն անգամ «կոֆեով ուգաստիյտ անի»: Խնդրեց նույնպես Կատերինա Կարլովնային, որ սա ևս յուր կողմից շատ քաղաքավարությամբ վերաբերվի Պետր Ստեփանիչին, հետը ռուսերեն խոսի, «դելիկատնիյ պոստուպիյտցաս» անի, «էնդուր, որ Պետր Ստեփանիչն ինքը ցիվիլիզովաննիյ կավալեր է և սիրում է նեժնի մանիերնեք»:

Մի խոսքով, Կարլ Մարկիչը բան չմնաց, որ չպատմի և պատվերներ ու խրատներ չմնաց, որ չտար Մարիա Իվանովնային, նամանավանդ Կատերինա Կարլովնային։

Ընթրիքն ավարտվեց։ Կարլ Մարկիչ Պոպովը բորբոքված երևակայությամբ հեռացավ յուր սենյակը։ Արտեմը, Մարիա Իվանովնան և Կատերինան նույնպես գնացին իրանց սենյակները քնելու։

Առավոտը Կարլ Մարկիչը ճիշտ որ, ինչպես ինքը խոսք էր տվել Պետր Ստեփանիչին, «խորողը կանչելիս» գործարան գնաց։ Իսկ Արտեմ Կարլիչը տասը ժամին ներկայացավ Պետր Ստեփանիչին և մի քանի անհրաժեշտ պատվերներ ստանալով նրանից, իսկույն ճանապարհվեց Բալախանի` գործակատարի պաշտոնով։