Օրիոդը բաժակի ծայրը գրեթե անգիտակցաբար կպցրեց շրթունքներին և իսկույն վայր դրեց։
— Ձեր կենացը, Կատերինա Կարլովնա,— շարունակեց Դոլմազովն և, օղու բաժակը զարկելով նրա բաժակին, խմեց մինչև կեսը։
Օրիորդն աշխատելով ուշքը ժողովել, գլուխը շարժեց, առանց մի խոսք ասելու, Դոլմազովը սկսեց ընթրել։ Օրիորդը չէր ուտում, բայց երբ Դոլմազովը նրան ստիպեց, նա մի երկու կտոր բան դրեց բերանը և, դարձյալ հետ քաշվելով, սկսեց երկյուղածությամբ նայել յուր չորս կողմը։ Ինչպես որսորդներից հալածված եղջերու, նա զգում էր, որ անտառի խորքում ընկել է մի այնպիսի նեղ տեղ, որտեղից ազատվելն անհնարին է։ Անհանգիստ դեմքով և դողդողալով նա յուր հայացքը մերթ ձգում էր սենյակի պատերին, մերթ Դոլմազովի վրա։
— Ինչո՞ւ չեք ուտում, Կատերինա Կարլովնա,— կրկնում էր Դոլմազովն անդադար։
— Ախորժակ չունիմ, խնդրեմ, Պետր Ստեփանիչ ինձ շուտ ճանապարհ դրեք։
— Մի՛ շտապեք, դեռ շատ վաղ է, տասներկու ժամը չի լրացել։ Գոնե, Կատերինա Կարլովնա, մի երկու բաժակ այս քաղցր ըմպելիքից խմեցեք, շատ համեղ բան է, փորձեցեք։
Դոլմազովը կրկին լցրեց մի բաժակ և դրեց Կատերինայի առջև։ Օրիորդը գլուխը շուռ տվեց և բաժակը հեռացրեց իրանից։
— Ինչո՞ւ եք այդպես անում, Կատերինա Կարլովնա․ դուք ինձ վիրավորում եք։
— Մայրս, խեղճը հիմա սպասում է,— պատասխանեց օրիորդը, փորձելով տեղից բարձրանալ։
— Ո՞ւր եք գնում, սպասեցե՛ ք,— ասաց Դոլմազովը, բռնելով նրա թևից մեղմիկ և նորից նստեցնելով յուր տեղը։ Օրիորդն ակամա հնազանդվեց նրա կամքին։ Պետր Ստեփանիչը լիք բաժակը կրկին մոտեցրեց նրան ասելով.
— Եթե այս անգամ ևս մերժեք իմ խոնարհ խնդիրն և մինչև հատակը չի դատարկեք այս բաժակը, իմացեք, որ դուք ինձ մինչև սրտիս խորքը վիրավորած կլինեք։ Վերցրեք