Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթանայի Լիզայի կերպարանքի հետ։ Դա, սիրելի Գևորգ, գեղեցիկ չէր, բայց մի սքանչելի արարած էր, և գիտե՞ս ինչով— յուր խոշոր, խելացի աչքերով, որոնց մեջ փայլում էր այն կանացի կախարդական հուրը, որ ընդունակ է միանգամից թափանցել տղամարդի սիրտը։ Նա սքանչելի էր, մի ուրիշ բանով ևս, որ ավելի նշանավոր էր ինձ համար այդ ժամանակ։ Դա նրա բարձր, նուրբ և, ըստ երևույթին, առողջ կազմվածքն էր, որ այդքան հազվագյուտ է մեր կանանց դասում։ Բացի դրանից, ես Լիզայի դեմքի վրա նկատեցի մի տեսակ մեղմ ստվեր, որ, հովանավորելով այդ դեմքը, գրավիչ կենդանություն էր տալիս նրան։ Չգիտեմ ինչու, նույն վայրկյանին ես իսկույն մտաբերեցի Պուշկինի Տատյանային։ Բայց, դո՛ւ, իմ արևը, չկարծես, որ ես ինձ Օնեգին համարեցի։ Ամենևին:

— Հրամայիր սուրճ բերեն շուտով,— պատասխանեց Բադամովը և հետո, երբ Լիզան երեսը շուռ էր տվել հեռանալու, ավելացրեց.

— Դու էլ Ժենյայի հետ այստեղ եկ։

Լիզան դուրս եկավ։ Բադամովն ինձ պատմեց, թե Լիզան և Ժենյան իր աղջկերքն են և բացի նրանցից չունի ուրիշ զավակներ, իսկ կինը տասը տարի է, որ մեռել է։

Մի քանի րոպեից հետո ծառան ներս բերեց արծաթե մատուցարանի վրա չորս բաժակ սուրճ։ Անմիջապես ներս մտան Լիզան և Ժենյան։ Բադամովն անունս հիշեց, և ես վեր թռա ու, մոտենալով, սեղմեցի նախ Լիզայի, հետո Ժենյայի ձեռը։ Ժենյան կամ ճիշտն ասեմ Եվգենյան, կլիներ մոտ քսաներկու տարեկան, իսկ Լիզան — ավելի քան քսանուհինգ։ Բացի միաչափ հասակից, ուրիշ ոչինչ նմանություն չկար երկու քույրերի մեջ։ Եվգենյայի դեմքը կլորակ էր, քիչ սև և մի փոքր դեղնախառն, ճակատը նեղ, աչքերը սև, փոքրիկ ու խորամանկ։ Հենց առաջին հայացքից նա ինձ դուր չեկավ, և ես նրա մթին դեմքի վրա նկատեցի չնչին ինքնասիրություն և գոռոզություն։ Փոքր առ փոքր, սովորական հարցերից հետո, մեր խոսակցությունը տաքացավ։ Մարտին Բուղդանիչը կրկին մեջտեղ բերեց Բիսմարկին և նրա՝ սոցիալականության դեմ խոսած՝ վերջին ճառը։ Ես լսում էի նրա գովասանությունը և չէի վիճաբանում, թեև նա շատ էր հափշտակվում։ Եվգենյան խոսում էր և