Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք մեր մշակների ընկերներն են, նրանք այժմ գազանացած են և աստված գիտե ինչեր են մտածում․..

Բայց Իվան Գրիգորիչը բանի տեղ չէր դնում ո՛չ ամբոխի ապառնալիքր և ո՛չ էլ յուր գործակատարի խորհուրդը։ Նրա ուշադրությունն ու միտքը կենտրոնացած էին միայն և միայն հրդեհի վրա, և նա ամբողջ մարմնով դողում էր, թե ահա կրակը հասնելու է ֆոտոգենով լի տակառների պահեստին, ուր մոտ հազար լի տակառներ կային։ Սակայն այս երկյուղն ավելորդ էր. հրդեհն այլևս այնպես սաստիկ չէր, ինչպես տասը րոպե առաջ։ Կարծես նա յուր վրեժն արդեն հանելով, կամենում էր հանգստանալ։

Քամին դադարել էր, բոցն այլևս կատաղաբար այս ու այն կողմ չէր տարածվում, այլ հանդարտ ու ուղիղ գծով բարձրանալով վեր, լուսավորում էր ներկա եղող ամբոխը, որը այրվածների շուրջր հավաքված, զանազան օգնություն էր հասցնում այդ խեղճերին։

Այդ մամանակ վազելով ամբոխին մոտեցավ հանկարծ մի բարձրահասակ մարդ, որի դեմքի վրա նկատելի էին խորին հուսահատության և անորոշ երկյուղի նշաններ։ Նրա ծունկերը ծալվում էին և դժվարությամբ հնազանդվում նրա գնացքին:

Սա արդեն մեզ հայտնի լրաբերն էր։

— Թողեք․․․ թողեք, տեսնեմ ո՞ւր են... ո՛ւր են որդիս... եղբայրս... աստված իմ... նրանք ո՞ւր են...

Ամբոխը ճանապարհ տվեց նրան, և նա շտապով մտավ մեջտեղ։

— Ո՞ւր եք, որտե՞ղ եք, խոսեցեք... Սարգիս... Գասպար... Ա՛խ, Բեյբութն է, եղբորս որդին...

— Ե՞ս... այո՛... բայց իմը ոչինչ, խեղճ հայրս, ծերունին... նա մեռավ... ահա նա.․․ մեռավ նա մինչև վերջը, յուր ընտանիքի անունը հիշելով..․ նա վերջին շունչը փչեց, քո անունը տալով... «գոնե մինչև եղբորս գալը ապրեմ», ասում էր նա հոգին փչելով։

— Ո՞րտեղ է, ցույց տուր ինձ նրա դիակը, բայց որդիս որտե՞ղ է, Սարգիսը...

— Մի՛ մոտենար, աղաչում եմ, ձեռս, նա այրվում է..․ կծկծում է... մի՛ կպչիր ձեոներիս... ուֆ։