Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէի ընծայում այդ դեմքին և զգում էի, որ նրա զորությունը լռության մեջ է և եթե Սեթյանը սկսի շատ խոսել, իսկույն կկորցնի բոլոր յուր նշանակությունը։ Ես ներում էի ամենին և նույնիսկ ինձ, որ այդպես ստրկաբար հպատակվում էինք այդ մարդուն, բայց չէի կարողանում ներել միայն Լիզային։ Ինչո՞ւ է նա այդպես խոր մտիկ անում այդ նոր հյուրին, մինչդեռ սա արժանի էլ չի համարում երեսը շուռ տալ նրա կողմը։ Դեռ այս ոչինչ, ինչո՞ւ Լիզան ինձ վրա չի ուզում նայել։ Ինչո՞ւ, երբ նա մեզ մի հարց է առաջարկում և երբ ես եմ պատասխանում այդ հարցին ուշադրություն չի դարձնում ինձ վրա։

Կասկածը դարձյալ սկսեց որդի նման ուտել իմ սիրտը, ծագեց իմ մեջ մի նոր, մինչև այդ ժամանակ անծանոթ զգացում, որ ավելի վտանգավոր էր, քան թե հասարակ կասկածը։ Դա այն զգացումն է, Գևորգ, որ մի քանի իմաստասերներ հերքում են զարգացած մարդու մեջ։ Չհավատաս, Գևորգ, սուտ է, այդ մարզիկ, իրանք երևի չեն սիրահարվել և այդ պատճառով չգիտեն, որ ինչ տեղ կա սեր, այնտեղ կա նույնպես և խանդ։ Մեկն առանց մյուսի անհասկանալի է և որքան զորեղ է մեկը, նույնքան զորեղ է և մյուսը։ Է՛հ, ինչ երկարացնեմ, ես տանջվում էի, բարկանում էի Լիզայի վրա, տաքանում էի ինքս իմ մեջ, շփոթվում էի։ Լիզան հասկանում էր այդ, բայց, միևնույն ժամանակ, կարծես, իմ մեջ այդ նոր զգացումն ավելի զորեղացնելու համար, չէր փոխում իր վարմունքը։ Վերջապես, մեր խոսակցությունը դարձավ բժշկականության վրա։ Այդ տարի Թիֆլիսում կար մի ինչ-որ վարակիչ հիվանդություն, որ ընդհանուր խոսակցության առարկա էր։ «Ահա, վերջապես, իմ ասպարեզը,— մտածեցի ես.— այժմ ես կդառնամ ամենքի ուշադրության կենտրոնը, բոլորն ինձ կլսեն, իսկ քեզ Լիզա, ցույց կտամ, թե ո՞վ է հաղթողը»։

— Արզաս Պետրովիչ,— դիմեց ինձ, վերջապես, Մարտին Բուղդանիչը,— ինչպես եք կարծում, ինչո՞ւ բժշկականությունն անկարող է այդպիսի հիվանդությունների առաջն առնել։

— Դա առողջապահության գործն է և ոչ թե բժշկականության,— պատասխանեցի ես, ամեն մի բառն առանձին