Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարող։ Այդ օրերը նրա համար մի-մի ասեղներ էին, որոնք ցցվելով նրա ուղեղի մեջ, բորրոքում էին նրան։ Նա ծխում էր անսովոր կերպով: Վառելով ծխախոտը, նա մի քանի անգամ այնպիսի ագահությամբ քաշեց, որ պապիրոսի կեսը ծուխ դառնալով, անհետացավ։ Ինչպես մի մարգ, որ երկար շնչարգելությունից հետո, լիքը բերանով կլանում է թոքերը միանգամից օդի ահագին քանակություն, Քամալյանը ծխախոտի ծուխը յուր շնչի բոլոր զորությունով ծծում էր ներս։ Կարծես, կամենում էր այդ դառն ծխով թունավորել և սպանել այն վշտերը, որոնք դարսվել էին նրա ճնշված սրտի վրա, և արմատախիլ անել այն մտածմունքները, որոնցով ծանրաբեռնվել էր նրա ուղեղը։ Բայց չէր լինում, ծխախոտը չէր օգնում, նրա վշտերը և մտածմունքները մնում էին միևնույնը. նրանք չէին թուլանում, չէին պակասում, միայն ավելի գրգռվում էին։ Եվ Քամալյանը հաղթված, ճնշված նրանց ներքո, չգիտեր ինչ աներ, ինչպես կրեր նրանց ծանրությունը։ Նա կրկին մոտեցավ սեղանին և կրկին սկսեց յուր անգութ դատաստանը յուր անցյալի և ներկայի վրա։

— Համեմատե՞լ եմ, արդյոք, ինձ ուրիշ ինձ նման արարածների հետ, գտե՞լ եմ, արդյոք, իմ մեջ այն հատկությունները, որոնցով ես նմանվեի այժմյան մարդկանց, որոնք իմ կյանքը կապեին այդ մարդկանց հետ։ Կա՞ն, վերջապես, ինձ նման ուրիշ մարդիկ։— Այո՛ և ոչ։ Այո՛, որովհետև բոլոր իմ ճանաչած մարդիկ առանձնապես վերցրած ունին իմ հատկություններից որևէ մեկը։ Ո՛չ, որովհետև չկա մի մարդ, որ պարունակեր յուր մեջ այն բոլորը, ինչ որ ես եմ պարունակում իմ մեջ։ Ինձ նման չկա մի ուրիշը, և ի՞նչ եմ ես։ — Ամեն այն ինչ և ոչինչ։ Այդ հաստատում է այս անողորմ, անգութ վկան, իմ նախատելի անցյալի այս արհամարհելի նկարագիրը։

Քամալյանն, այս ասելով, ձեռը դարձյալ մեկնեց հիշատակարանին, վերցրեց նրան և, դնելով յուր առջև, կրկին սկսեց թերթել։ Կանթեղի աղոտ լույսը ընկավ հիշատակարանի մանր տառերով դրված տողերի վրա։ Նա շարունակում էր թերթել, երբեմն կանգ առնելով այս ու այն երեսի վրա և կարդալով։ Այդ ժամանակ նրա դեմքն ավելի այլայլվում էր,