Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ինքն ամենից առաջ տեսավ Ֆաթմային։ Հենց որ սարի-թարփաղցիները գրոհ տվեցին, հենց որ Մեքթին ու Հեյբաթը հաղթվեցին, նա կռիվը տարած համարելով, վազեց Ահմադ աղայի բաղնիսի ետևը, գտավ ճանապարհն և բարձրացավ կտուր։ Նա հրեց և ձգեց մի կտուրից մյուս կտուր ընդդիմադրող բաղնիսպանին, վազեց և... գիտենք ինչ արավ։

Օրն արդեն մթնել էր, երբ Ասադը, յուր թանկագին կողոպուտը ձիու վրա դրած, հասավ սարի-թորփաղցի Հաջի-Բախիշի այգին:

Այգեպան քեալբլահի Աբդուլլան շատ չար ու բարի տեսած, կյանքի բովով անցած մի փորձառու ծերունի էր։ Նա ճանաչում էր Ասադին և միշտ տեսնելիս մտաբերում էր նրա հորը, որի հետ էր անցուցել յուր փոթորկալից երիտասարդությունը:

— Տղա, այդ ի՞նչ է,— հարցրեց նա զարմացած, տեսնելով Աստղին երեսն արյունոտ, գլուխը փաթաթած և գրկում մի անշնչացած աղջիկ բռնած։

Աստղը համառոտ պատմեց եղելությունը, հինավուրց «իգիթը» (թաջը) հրավիրեց նրան իջնել ձիուց ու յուր թանկագին կողոպուտի հետ թաքնվել նրա խրճիթում։

Մինչ այգեպանի ջուր բերելը, Ֆաթման ուշքի եկավ, սթափվեց, աչքերը բաց արեց և կրծքից արձակեց մի խորին հառաչանք։

— Ես եմ, Ֆաթմա, մի վախենար,— խրախուսեց Ասադը մեղմ և քնքուշ եղանակով, որքան թույլ էր տալիս նրա կոշտ ձայնը։

Ֆաթման սարսափած ոտքի կանգնեց և գզգզված մազերով գունաթափ, ձեռները գլխին խփելով, բացականչեց.

— Վա՛յ մայր, վա՛յ եղբայր...

Նա վազեց դեպի դուրս։ Ասադը հառաջեց նրան և ձեռներից բռնեց։

— Իզուր մի՛ տանջիր ինքդ քեզ. մայրդ էլ կենդանի է, եղբայրդ էլ, քույրերդ էլ:

— Ինչո՞ւ ես ինձ բերել այստեղ,— գոչեց Ֆաթման։

Ինշո՞ւ, միթե Ֆաթման չգիտե ինչու, մի՞թե կարծում էր, որ Ասադը թույլ կտար նրան ուրիշի կին դառնալու, մի՞թե...