Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էստեղ մեկ մարդ կա քեարփուչի (աղյուսի) զավոդ (գործարան) ունի. աղաչեցի, պաղատեցի, վայնաչարի տեղ տվավ ինձ։ Իհարկե, նրա էլ խիղճն եկավ ինձ, ինչու որ ինքն էլ առաջ ինձ պես կատորժնիկ (աքսորական) է եղել: Հիմա, գոհություն արարիչ աստծուն, ես պրիկաշչիկ (գործակատար) եմ զավոդում, գլուխս մի կերպ պահում եմ, եթե ինձանից հարցնես, ողջ, առողջ եմ, սիրելի ծնող, շատ էլ ֆիքը մի անիր: Մեկ էլ, սուտ-ղորթ, ասում են, որ նոր թագավորը թախտ (գահ) նստելու օրը մանիֆեստ (հրովարտակ) է դուրս բերել կատորժնիկների համար։ Աստված հաստատ պահի։ Իսկը չեմ իմանում՝ ո՛ր կատորժնիկների համար է թագավորի ողորմությունը։ Երեկ ընկերներիցս մեկն ասում էր, ես էլ հույս աստծո, որ ազատվողների մեջ լինեմ։ Կամանդիրին հարցրի, ասեց մանիֆեստը մինչև օրս չի հասել, չեմ իմանում կա, չկա: Էսպես իմանաք։ Հենց որ հասավ, իսկույն կիմանամ, կգրեմ։ Գոհություն աստծո։ Կրկին աղաչանքս է, որ շատ էլ սիրտդ չմաշես, աղոթք անես մեղքերիս համար, ժամ գնաս, ջուխտ-ջուխտ (զույգ-զույգ) մոմ վառես։ Սիրելի մայր, Միխակին, Թագուհիին, Սեյրանին և այլ բարեկամաց ու հարցանողաց շատ-շատ բարև։ Հավիտյանս հավիտենից ամեն։

Մնամ քեզ կարոտ, հարազատ որդի սիբիխնիկ՝

Գրիգոր Խանզադյանց»:

Սակայն անցավ մի տարի ու կես ևս, իսկ Գրիգորի հետագա նամակների բովանդակությունը գրեթե անփոփոխ էր մնում: Կայսերական մարդասեր հրովարտակը տակավին սպասվում էր։ Գրիգորը սրան նրան հարցնում էր, ոչ ոք մի որոշ պատասխան չէր տալիս։ Բայց նա դարձյալ մխիթարում էր մորը, դարձյալ հույս էր տալիս յուր վերադառնալու մասին։

Եվ Անթառամն անհամբեր սպասում էր. օրերը նրա համար անցնում էին անտանելի դանդաղությամբ, մինչ կլրանար ժամանակամիջոցը, որ տևում էր բնականաբար Գրիգորի մի նամակից հետո մինչև մյուսի ստանալը։ Ստացվում էր հաջորդ նամակը, և դարձյալ նույն անորոշ բովանդակությամբ։