Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրը կիրակի էր։ Անթառամի որդիները — Միխակը և Սեյրանը ճաշից հետո գնացել էին քաղաքի շրջակայքը՝ զբոսնելու։ Նա նստած էր միայնակ թախտի վրա, պատուհանի առջև և, ձեռները կրծքին դարսած, յուր մռայլ ու անորոշ հայացքը հառել էր երկնքի հեռավոր հորիզոնին, ուսկից նա, կարծես, մի բան սպասում էր։

Նա մի քանի րոպե առաջ դարձյալ հմայել էր քառասունուերկու սիսեռներիր վրա և երեք կարգի բաժանված սիսեռների միջին կարգը դուրս էր եկել — չորս, երկու, մեկ-մեկ իրարու հետևից, որ ասել էր ճանապարհ։

— Չմեռնեմ, մի անգամ էլ տեսնեմ, չմեռնեմ, մի անգամ էլ տեսնեմ,— արտասանում էին դարձյալ նրա ցամաքած շրթունքները։

Այնինչ նրա անորոշ հայացքը շարունակ հառած էր երկքնի հորիզոնին, ուր փոքր առ փոքր բարձրանում էին ամառային բամբակագույն ամպերի կույտերը և դիզվում միմյանց վրա։ Անդադար շարժվելով, այդ ամպերը զանազան ձևեր էին ընդունում — մերթ բարձրագագաթ լեռների, մերթ հրեշավոր կենդանիների։ Եթե քառասունուերկու սիսեռների գուշակությունը պիտի կատարվի, թող ամպերն էլ գուշակ են, թող նրանց բազմաթիվ կույտերից մինը կառքի ձև, ձիու կամ ուղտի կերպարանք ներկայացնի, այն ժամանակ Անթառամը կիմանա, որ ճանապարհը դատարկ չէ։ Եվ ահա, հազիվ սնահավատ կնոջ մտքով անցել էր այս խորհրդավոր ցանկությունը, երբ կապտագույն հորիզոնի վրա ձգվեց մի սպիտակ գիծ, այնուհետև նա ծռվեց այս կողմ, այն կողմ և պատկերացավ... մի հսկայական ձյունագույն թափանցիկ ձի՝ քուլա-քուլա ամպերից։ Անթառամի սիրտը սկսեց ուժգին բաբախել. կարելի բան է, որ այս բոլոր գուշակություններն ապարդյուն մնան։

Մի ամբողջ ժամ նա այս դրությամբ անշարժ նստած էր. փոքր առ փոքր նրա ջղերին տիրեց թուլություն և նա ընկղմվեց մի տեսակ թմրության մեջ։ Երբեմն-երբեմն նա ցնցվելով սթափվում էր, նայում էր աջ ու ձախ, ականջ էր դնում դեպի դուրս և կրկին գլուխը թեքում կրծքին։