Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս եկավ շատ չարացած, չգիտեմ ում վրա։ Իսկույն վազիր հետևից, բայց չմոտենաս, հետն ու հետը գնա, այնպես, որ դու նրան տեսնես, նա քեզ չտեսնի։ Աչքդ չհեռացնես, հասկանո՞ւմ ես...

— Ալքիս վրա,— ասաց Գասպարը, որ Բարսամյանների տան վաղեմի հավատարիմ ծառան էր։

— Կաց, այս լավ է. ծխախոտամանը թողել է, եթե քեզ տեսավ, կասես, որ դրա համար ես եկել։ Դեհ, գնա՛, թե չէ չես գտնիլ:

Ծառան վազեց։ Հռիփսիմեն նստեց սեղանի մոտ, գլուխը դրեց կռների վրա և դարձյալ սկսեց լաց լինել։ Հետո նա, թաշկինակով սրբելով աչքերը, վերկացավ և գնաց հարևան Մարիամի մոտ՝ մի կերպ ժամանակը մոռանալու։ Փոքր-ինչ անցած նա վերադարձավ և երկար ժամանակ լարված դրության մեջ, հառաչելով, անցուդարձ էր անում մի սենյակից դեպի մյուսը, անդադար նայելով սեղանատան պատի ժամացույցին։ Յուրաքանչյուր մի անցնող րոպե ավելացնում էր նրա վիշտը և սպառում համբերությունը։ Գտա՞վ, արդյոք. Գասպարը նրան, կվերադառնա՞, արդյոք, նա այս գիշեր, թե՞...

Նա հանդիմանում էր ինքն իրեն, որ առիթ տվեց իր միակ որդուն բարկանալու։ Նա իրան համարում էր անպայման մեղավոր. նա չպիտի հակաճառեր, չպիտի լար, չպիտի զարմանար, չպիտի խոսեր անգամ։

Նա նայում էր մերթ դեպի փողոց, մերթ դեպի գավիթ, ականջները լարում էր լսելու դրսից մի ձայն, և երբեմն սրտի սաստիկ բաբախումը խաբում էր նրան։ Հետզհետե փողոցում անցորդների ձայները ընդհատվեցին, կառքերի դղրդյունը դադարեց, հարևանների ճրագները մի առ մի սկսեց հանգչիլ, իսկ Սմբատը չկա ու չկա և ոչ էլ ծառան։

Մի վայրկյան Հռիփսիմեի մեջ ցանկություն ծագեց՝ գնալ և փնտրել որդուն, բայց որտեղ... Նա փակեց դռները, շալը ձգեց գլխին, դուրս եկավ փողոց և կանգնեց դռների մոտ։

Արդեն կեսգիշերից անց էր, երբ, վերջապես, մի կառք երևաց փողոցի ծայրում։ Հռիփսիմեն շտապեց ներս և մտավ յուր սենյակը։ Նա գիտեր, որ եթե ոգին տեսնե իրեն ոտքի