Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համեմատելով ուրիշների հետ։ Մտիկ տվեք մեր քաղաքի ամենաերևելի վաճառականներին, նրանցից ո՞ր մեկն է լիք գրպանով եղել առաջ: Ամենքն էլ իրենց ժամանակին գործակատարներ կամ խանութի ծառաներ են եղել, իսկ այժմ ամեն մեկը հարյուր հազարների առևտուր է անում: Վաճառականությունը մի այնպիսի գործ է, որ ինքն է սովորեցնում սիրողին փող աշխատելու հնարը. հարկավոր է միայն գտնել նրա գաղտնիքը, այնուհետև ամեն ինչ ինքնըստինքյան հեշտանում է։

— Ի՞նչ գաղտնիք է այդ, պարոն Թորոս,— հարցրին բոլորը գրեթե միաբերան:

— Ձեզ համար արդեն ուշ է հասկանալ այդ գաղտնիքը, ձեր ժամանակն արդեն անցել է, իսկ Խաչին կարող է շուտով հասկանալ: Թող միայն սիրով դիպչի գործին և թող սրանից առաջ իմ տված խրատներն յուր ականջում միշտ պահի, երբեք չմոռանա, այնուհետև գաղտնիքը հեշտությամբ կպարզվի:

Մինչդեռ նրանք այս վիճաբանության մեջ էին, ես ևս սկսել էի արդեն մտքումս խորհել իմ ապագայի մասին։ Մանրավաճառ Թորոսի խոսքերն ինձ համար խիստ խորհրդավոր էին, ես չէի հասկանում այդ խոսքերի նշանակությունը: «Այն ինչ գաղտնիք է, որը կարող եմ գտնել վաճառականության մեջ», մտածում էի ինքս ինձ։ Այդ գաղտնիքը սկսեց ինձ խիստ հետաքրքրել, այնպես որ փոքր էր մնում, որ ես համարձակվեի բերան բանալ և խնդրել հորս, որ նա հետևի Թորոսի խորհրդին և թույլ տա ինձ մտնել գործակատար մի վաճառականի մոտ, որպեսզի իմանամ, թե ինչումն է կայանում փող ձեռք բերելու գաղտնիքը: Բայց ես ինչպես կարող էի բերան բանալ իմ մեծերի մոտ։ Այդ կլիներ իմ կողմից մի աններելի հանդգնություն, և ես հեշտ չէի պրծնիլ հորս ձեռքից։ Բարեբախտաբար, առանց իմ միջամտության, բանը փոխվեց իմ ցանկացածի համաձայն։ Երկար վիճաբանություններից հետո ամենքը, իհարկե, բացի դարբին Մարութից — որը մինչև վերջը լռություն էր պահում — համաձայնվեցին, որ ինձ համար լավ կլինի մտնել վաճառականական ասպարեզ, քան թե որևիցե արհեստ սովորել։ Հայրս վճռեց հանձնել ինձ մեր քաղաքի այդ ժամանակվա ամենահայտնի վաճառական աղա