ցանկությունն անգամ։ Բայց, զբաղված լինելով յուր նոր սկսվող կյանքի մտքով, չէր նկատում այն խորին և տարօրինակ թախծությունը, որ թաքնված էր մոր զվարթության ներքո և որ մերթ ընդ մերթ փայլում էր նրա աչքերի մեջ կամ արտահայտվում ձեռների դողոցով։
Հռիփսիմեն մի փառավոր ճաշ պատրաստել տվեց յուր որդու համար։ Ներկա էին նրա քույրը, քեռորդին և ուրիշ մի քանի ազգականներ, որ եկել էին ճանապարհ դնելու Սմբատին։ Մայրերը բացարձակ, Սմբատի ներկայությամբ, հանդիմանում էին Հռիփսիմեին, որ նա թողնում է յուր միակ որդուն օտար աշխարհ գնալու։ Հռիփսիմեն, ծիծաղելով և կատակներ անելով, պատասխանում էր, թե Թիֆլիսում արժանավոր հարսնացու չկա Սմբատի համար, թե նա գնում է ուրիշ երկրում պսակվելու և թե շուտով կվերադառնա մի գեղեցիկ կնոջ հետ։
Ճաշն ավարտվեց ուրախ, անթիվ անգամ խմեցին Սմբատի կենացն և բարի ճանապարհ մաղթեցին։ Մոտեցավ ուղևորության ժամը։ Գասպարն իրեղենները տարեց փոստային կայարան։ Սմբատը մոր հետ մի կառքով գնաց։ Նրանց հետևից գնացին բարեկամները։ Եղանակը սաստիկ շոգ էր, անհնարին էր արեգակի տակ մնալ։ Հռիփսիմեն ստեպ-ստեպ սրբում էր յուր ճակատի քրտինքը, ծանր հառաչելով...
Կայարանում նա ուշադրությամբ դիտեց այն կառքը, որ պիտի տաներ նրա որդուն, մտքում ցավեց, որ Սմբատը պիտի այդ չորս կողմից բաց կառքում նստի, ով գիտե, ինչ մարդկանց հետ։ Բայց նա արտաքուստ հավանություն ցույց տվեց, մինչև անգամ ասաց, թե լավ է, որ նա փակ կառքի տոմսակ չի վերցրել այդ շոգում։
Վերջապես, հասավ բաժանման տագնապալի րոպեն։ Կոնդուկտորը առաջարկեց կառք նստել։ Սմբատն ընկավ մոր գիրկը, և երկար ժամանակ նրանք չէին անջատվում միմյանցից։ Հասավ և՛ ուրիշների հերթը՝ Սմբատին համբուրելու։
Բոլոր կանայք արտասվեցին, բացի... Հռիփսիմեից։ Նա անվրդով էր։ Նա ժպտում էր։
Կոնդուկտորը Սմբատին շտապեցրեց։ Նա բռնեց յուր տեղը մի ռուս կնոջ և մի պառավ հրեայի մեջ, որ աշխատում