Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտեցանք երկու լուսավոր պատուհանների, մեր հանդեպ դուրս եկավ երկար մազերով մի երիտասարդ և առաջնորդեց մեզ ներս։ Ես դեռ ապշած էի, շվարած։ Ախ տեղը, որ մտա, կամ ճիշտն ասած, թևիցս բռնած ընկերս տարավ, սենյակի նման մի բան էր։ Մի անկյունում սեղանի վրա աղոտ լուսով վառվում էր մի կանթեղ։ Մի մարդ այն կանթեղի մոտ նստած, բարձրաձայն մի գիրք էր կարդում, այս միայն կարողացա նշմարել առաջին վայրկյան, ուրիշ ոչինչ։ Ծխախոտի թանձր ծխով տոգորված կիսախավար մթնոլորտի մեջ դժվար էր մի բան որոշել։ Տիրում էր մի խլացուցիչ աղմուկ, ամեն կողմից լսվում էին վիճաբանության ձայներ թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց։

Ընկերս քաշեց ինձ առաջ, հանկարծ սլկվեցի և քիչ էր մնում, որ երեսն ի վայր փռվեի սենյակի մեջ. կարծեմ ոտս դրել էի հատակի վրա թափված խնձորի և նարինջի կճեպներից մեկի վրա։ Լսվեցին բարձրաձայն ծիծաղի ձայներ, ես ավելի շփոթվեցի, աջ ու ձախ նայելով և մտքումս անիծելով ընկերոջս։ Հետզհետե աչքերս ընտելացան սենյակի մթնոլորտին. տասնից ավելի երիտասարդ օրիորդներ և տղամարդիկ, ո՛րը նստած, ո՛րը մի հնամաշ թախտի վրա թեքն ընկած, ո՛րը պառկած, ո՛րը սեղանի վրա նստած, ոտները քաշ արած — իրենց աչքերը հառել էին ինձ վրա։

— Պարոններ և օրիորդներ,— խոսեց ընկերս բարձր ձայնով,— ահա Բարսամյանը, իմ լավ ընկերս, ներկայացնում եմ ժողովին, կարող եք հավատալ, ինչպես ինձ...

Այս ատենաբանությունից հետո, նա հրեց ինձ առաջ։ Ես մոտեցա և առանձին-առանձին ներկայացա ամեն մեկին։ Մի, մազերը խուզած, փոքրահասակ օրիորդ, ծխախոտը բերանին դնելով և ակնոցը ուղղելով, ամուր սեղմեց ձեռս․ մի շեկ մազերով և փոքրիկ աչքերով երիտասարդ աջ ձեռի փոխարեն ձախը տվեց ինձ. պառկածներից ոչ մեկը չշարժվեց տեղից, միայն ձեռները գլուխների վրա բարձրացրեցին դեպի ինձ, իսկ մեկը ոտը մեկնեց և դրեց ընկերոջս ափի մեջ։

Ընկերս ինձ, ինչպես մի անշունչ մեքենայի, նստեցրեց յուր մոտ, սենյակի մի անկյունում։